Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնությունը persona non grata է ճանաչել 10 հայ գործարարի ու թեև հայտնի չէ՝ անցանկալի անձանց ցուցակում հայտնվածներից 9-ի անունները, սակայն ըստ տելեգրամյան ալիքներից մեկի տարածած լուրի՝ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, այժմ իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Նույն ալիքի հաղորդմամբ՝ Սամվել Ալեքսանյան իր արգելքի մասին չի իմացել, նրան տհաճ անակնկալ են մատուցել ռուս սահմանապահները օրեր առաջ՝ ՌԴ օդանավակայանում։
Մոսկվայում 6 ժամ շարունակ սպասեցնելուց հետո հետ է ուղարկվել խոշոր գործարարը՝ Երևան։
ԼՈՒՐԵՐ․com-ը պարզաբանման համար փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ գործարարի կինը՝ Շողերինա Մկրտչյանը ըստ էության չհերքեց լուրը․ «Որ խնդրեմ՝ Սամվել Ալեքսանյանի հետ կապված հարցերով իրեն կդիմե՞ք, որ ինձ չդիմեք։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ և իր հետ կապված հարցերին, կարծում եմ՝ ճիշտ կլինի հենց ինքը պատասխանի»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց գործարարի կինը։
Դիտարկմանը՝ ամեն դեպքում Սամվել Ալեքսանյանն իր ամուսինն է ինչպե՞ս կարող է չիմանալ, որ Մոսկվայի թռիչքը խափնվել է և Մոսկվայից հարկադրաբար հետ է ուղարկվել իր ամուսինը՝ 6 ժամ օդանավակայանում սպասեցնելուց հետո՝ ըստ լուրերի, Շողերինա Մկրտչյանը պատասխանեց․ «Դե ոչինչ որ իմ ամուսինն է, գուցե մի բանից էլ կարող եմ տեղյակ չլինել։
Որքան էլ ես ձեր հարցերին ուզենամ պատասանել, նույնիսկ կարող ճիշտ էլ չլինել, որովհետև ես տեղյակ չեմ այն ամենից, ինչ դուք ասում եք, հետևաբար չեմ կարծում, որ իմ պատասխանելը ճիշտ է։ Ես պաշտոնական մարդ չեմ, չեմ ուզում ոչ մի հարցի պատասխանել»,- եզրափակեց Շողերինա Մկրտչյանը։
Կփորձենք, ամեն դեպքում, ստանալ նաև Սամվել Ալեքսանյանի մեկնաբանությունը և պարզել, թե ովքեր են ՌԴ-ի իշխանությունների համար անցանկալի դարձած մյուս հայ գործարարները ու հատկապես ինչ պատճառով։