Pastinfo.am-ը գրում է․
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, քննարկելով Սարգսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, որոշեց կալանքը փոխարինել 20 մլն դրամի չափով գրավով, տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանից։
Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։ Պաշտպանության կողմըը, սակայն, շարունակում է պնդել, որ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։
Փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ կալանքի հարցի քննարկման ընթացքում պաշտպանության կողմից վիճարկվել է հիմնավոր կասկածի նվազումը՝ հիմնավորելով, որ առ այս պահն առկա միակ հիմքը՝ խոչընդոտման հավանականությունը, այլևս առկա չէ, կարիք չկա խոչընդոտելու։ Փաստաբանը նշեց, որ նախկինում կալանքի ժամկետի երկարացման քննարկման ժամանակ, երբ լրացել էր նրա կալանքի ժամկետը, դատավորը թույլ էր տվել դուրս գալ, սակայն անգամ այդ դեպքում Սարգսյանը դատարանի տարածքից դուրս չի եկել։
«Ես դա պարբերաբար բարձրաձայնում էի, սակայն դատարանի համար էական նշանակություն է ունեցել այն հիմնավորումը, որ գործում առկա են էական հակասություններ, որ հիմնավորում է, որ նույնիսկ մեղադրանքում նշած դեպքը՝ 21։15-23։20-ը տեղի չի ունեցել։ Այսինքն՝ դեպքի ժամն ենք կասկածի տակ դրել, այդ թվում՝ արդյոք դեպքը տեղի է այդ հասցեում, փորձագետն անգամ չի պատասխանել՝ արդյոք դիակը շարժվել է, թե՝ ոչ։ Այս առարկությունների արդյունքում դատարանը որոշեց, որ պետք է կիրառի համակցված՝ բացակայելու արգելք, գրավ, տնային կալանք»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գրավի գումարն արդեն վճարվել է, սպասում են, որ հոկտեմբերի 5-ին Պրոբացիայի ծառայությունից ներկայանան ՔԿՀ և ուղեկցեն տուն։
Միևնույն ժամանակ դատարանը սահմանափակել է զանգերի, տեսակցությունների, այդ թվում՝ փոստային առաքանի և այլն, ինչին պաշտպանության կողմը համաձայն է, փաստաբանը նշում է՝ կարևորը՝ տանը լինի՝ ընտանիքի հետ։
Ծառուկյանը նաև հայտնեց, որ գործով ներկայացրել է հոգեբանական կենտրոնի մասնագետների կարծիք, որը վերաբերում է՝ ենթադրաբար անմիջապես դեպքից հետո տեսագրություններում առկա Նարեկ Սարգսյանի և երեխայի վարքագիծը։
«Ստուգել են, թե տեսագրության մեջ անձն ունի խուճապ, փախուստ, վտանգի զգացում, ինչն ամբողջությամբ հերքվել է, նշվել է, որ անշտապ քայլում է, հանգիստ վարքագիծ ունի, երեխայի նկատմամբ ուշադիր է։ Այդ թվում՝ երեխայի հետ կապված տեսագրությունը կրկին վերլուծվել է, երեխան հետ չի նայում, հոր հետ հավասար է քայլում, խուճապ, հուզմունք չկա, ինքնագլորի վրա կանգնած գնում է։ Նաև տեղեկանք եմ ներկայացրել, որ երեխան դեռ մանկապարտեզում սովորություն է ունեցել, որ երբ ծարավ է եղել, ձեռքը կոկորդին է տարել՝ հասկացնելով, որ ծարավ է։ Դա ևս վերլուծվել է, եզրակացվել է, որ երեխան ունի ցանկություններն այդ ձևով ցույց տալու հատկություն»,- ասաց Ծառուկյանը։
Նա նաև նշեց, որ միջնորդել են՝ կրկնակի և հանձնաժողովային համալիր փորձաքննություն նշանակել։