Tert.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:
Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը: