Mediahub.am-ը գրում է․

Սեպտեմբերի 19-ից, ինչպես գրել էր մամուլը, 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։ Հարազատները բողոքում են, որ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը երեխային այցի չեն եկել:  

«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն այսօր ուշագրավ հայտարարություններ է արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

 
Այլ կերպ ասած, բուն խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, թե ի՞նչ է տեղի ունեցել իր ղեկավարած դպրոցում, որի հետևանքով երեխան մահվան հետ քանի օր կռիվ է տալիս, տնօրենը որակավորումներ է տալիս երեխային, որը, մեղմ ասած, հարիր չէ մանկավարժին ու կրթօջախի տնօրենին։ 

MediaHub-ը կապ հաստատեց երեխայի հոր՝ Լևոնի հետ: Վերջինս, որ այսօր վթարի է ենթարկվել կնոջ հետ, վրդովված է տնօրենի խոսքերից։ «Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»,- շեշտեց նա։

Մեջբերենք տնօրենի խոսքը. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»: 

Հայրը այս հայտարարությունն էլ սուտ որակեց։ «Դպրոցում բարդակ է, մեկը մյուսին նեղացնում է դպրոցում, դպրոցում իրավիճակը ուղղակի բարդակ է, իրենք բոլորը հոգեբանի կարիք ունեն, ոչ մի բան չեն անում դպրոցում, եթե այդպես պետք է իմ երեխայի մասին խոսեն, ապա ես կներկայացնեմ ինչ է կատարվում իրականում դպրոցում՝ դասղեկը ասում է՝ «իմ ժամին է եղել», անգլերենի դասատուն ասում է՝ «իմ ժամին է եղել», տնօրենը ասել է՝ «տեղում եմ եղել», մարդիկ ասում են՝ «ոչ մի տնօրեն էլ տեղում չի եղել», բարդա՛կ է։ Ես ոչ մեկին չեմ հավատում, սաղ կարված գործ է, մի շաբաթ է, իմ երեխան այս օրի է, բայց ոչ մեկ չի մոտեցել ինձ: Մատդ փուշ է մտնում, գնում ես հիվանդանոց, 50 ոստիկան է մոտենում, այս վիճակում ինձ տարել են, ոչ մեկ չի մոտենում ու հարցնում՝ ի՞նչ կասկածներ ունեմ, ի՞նչ է եղել»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց աղջկա հայրը։

Ինչ վերաբերում է ճշտող հարցին՝ երեխայի հետ հոգեբան է աշխատո՞ւմ, երեխայի հայրը հերքեց նաև դա։

«Դպրոցում աշխատող կա, որին աղջիկս սիրում է, որի հետ մի քանի անգամ խաղացել է խաղալիքներով, «յանմ հոգեբան է»... չգիտեմ, դասատու է, թե իրոք մասնագետ, երեխաս առանց իրենց ասելու գնացել է մի երկու անգամ իր մոտ, քանի որ սիրում էր իրեն։ Դպրոցի անձնակազմը՝ իրենք հոգեբանի կարիք ունեն, երեխուն են ագրեսիվ ասում, իմ երեխան աշխույժ է, պարապմունքերի է գնում, դաշնամուրի է գնում, պարի է գնում, հոգեկան վիճակը խանգարված երեխուն այդպիսի տեղեր տանո՞ւմ են»,- վրդովվեց նա։ 

Ապա հավելեց, որ ինքն էլ՝ այսօրվա դեպքով պայմանավորված, մի  հիվանդանոցից մյուսն է գնում։
«Մահվան և կյանքի կռիվ էր, կնոջս մոտ նոր եմ հասել»,- հավելեց Լևոնը։

Հիշեցնենք, ԶԼՄ–ներում այսօր տարածվեց տեղեկություն, որ 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: Բարեբախտաբար, աղջկա հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, նա դուրս է գրվել, իսկ մայրը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Արդեն տեղեկացրել ենք, որ Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։ 

Հրավիրում ենք ՄԻՊ-ի և ԿԳՄՍՆ ուշադրությունը դպրոցի տնօրենի հայտարարություններին, որոնք անհարիր որակումներ են պարունակում և կարող են անչափահասին թիրախավորել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել