Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին:
Ողջունելով հյուրին նախագահը կարևորել է Անդորրայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումն ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:
Անդորրայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով առաջ մղելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Եվրամիության, Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային հարթակներում համագործակցության սերտացմանն ուղղված քայլերի կարևորությունը: Շեշտվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև նոր կապերի ձևավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը և այս համատեքստում կարևորվել են քաղաքական փոխայցելություններն ու շարունակական երկխոսությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, տուրիզմի, կրթության և այլ բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի բացահայտման վերաբերյալ հարցեր:
«Կան մի շարք ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը և ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից է զբոսաշրջությունը, մասնավորապես լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտում Անդորրայի հաջող փորձի ներդնումը Հայաստանում։ Կարևոր ենք համարում նաև թունելաշինության, ճանապարհաշինության ոլորտում փորձի փոխանակումը»,- նշել է նախագահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել