Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերություններից 40–ը, վերջին թերության շտկման փուլում է, որից հետո հերթական աուդիտի նպատակով կհրավիրի եվրոպացի գործընկերներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում:

Նախարարն ասաց, որ տարիներ ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես պետական մարմին, ունեցել է որոշակի թվով հաստիքներ և ցածր աշխատավարձ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կոմիտեի շատ աշխատակիցներ դուրս են եկել և աշխատանքի անցել մասնավոր ավիաընկերություններում, երբեմն նաև տեղափոխվել այլ երկրներ:

«Եվ, երբ մեր եվրոպական ավիացիոն ոլորտի գործընկերներն այց ու ուսումնասիրություն են իրականացրել մեզ մոտ, արձանագրել են, որ այդ քանակի մարդկանցով հնարավոր չէ այդ ոլորտի որոշ անվտանգային հարցեր բավարար չափով ապահովել, ինչն էլ հիմք է դարձել, որ մեր ավիացիոն ոլորտը դեպի Եվրոպա ուղղությամբ հայտնվի «սև ցուցակում»: Նրանք արձանագրել են 41 տարբեր թերություններ, բայց դրանք հիմնականում առնչվում են աշխատակիցների քանակին: Սակայն այդ 41 թերություններից 40–ը վերացված է»,–ասաց նախարարը:

Կառավարությունն աշխատանքներ է տանում, որ Հայաստանի ավիացիոն ոլորտը դուրս գա ԵՄ սև ցուցակից: Վերջին թերության շտկման փուլում են, որից հետո եվրոպացի գործընկերներին կհրավիրեն Հայաստան՝ անցկացնելու հերթական աուդիտը:

«Հույս ունենք, որ բոլոր շտկումներն իրենց ի ցույց կդնենք և կկարողանանք հայկական ավիաուղիների դեպի Եվրոպա թռչելու հնարավորություն ունենալ»,–ասաց Սանոսյանը:

Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել