168.am-ը գրում է․
Այսօր առավոտյան Հանրային ռադիոյի լրագրող Ալիս Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հանրային ռադիոյի պատին փակցված այս լուսանկարը՝ կից գրելով. «Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով: Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր…»։
Նրա հրապարակած նկարում երեք ժամացույցներ են իրար կողք կողքի դրված, որոնցից մեկը ցույց է տալիս Երևանի ժամանակը, մյուս երկուսը՝ Բաքվի, Անկարայի, Մոսվայի և Թբիլիսիի։
168.am-ի հետ զրույցում այս թեմայի առնչությամբ Ալիս Գևորգյանը հակիրճ եղավ՝ ասելով.
«Լուսանկարին կից ամեն ինչ գրել եմ։ Ընդամենը իմ «երախտագիտությունն» եմ հայտնել, որ այսուհետ ամեն օր պետք է տեսնեմ ու հիշեմ, թե կոնկրետ որ երկրներին եմ «պարտական» իմ անձնական «երջանկության», մի ամբողջ Եռաբլուրի, մեկ տարի առաջ հենց այս օրը կորցրած Արցախի համար»։
Ալիս Գևորգյանը 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթ Գևորգյանի մայրն է։
Այսօր Հնարային ռադիոյի եթերում հեռարձակվում է նրա հեղինակած «Կյանքին ասել «այո»» հաղորդաշարը, որը եթեր է հեռաձակվում 2020 թվականի պատերազմից հետո։ Ինչպես Ալիս Գևորգյանն է իր հարցազրույցներից մեկում ասել՝ ամենաշատը չէր ցանկանա, որ հաղորդումն իր հետ ասոցացվի։ Այն պատերազմով անցած տղաների մասին է. նրանք ունեցել են ֆիզիկական ու հոգեբանական տրավմաներ, բայց կյանքին «այո» են ասել։
«2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ինձ համար չի ավարտվել։ Ես երկար ժամանակ պարզապես չէի կարողանում աշխատել, որովհետև տղաս անհայտ կորած էր։ Մեկ տարի անց հաստատվեց, որ Դավիթս զոհվել է։
Ես հասկացա, որ իմ զգացմունքներն այլևս չեն փոխվելու։ Մեկ ու կես տարվա ընթացքում ես սովորեցի ապրել, գործել ու աշխատել ցավին զուգահեռ։ Հիմա մենք հայտնվել ենք զուգահեռ իրականություններում. մի իրականության մեջ կյանքը շարունակվում է, կարծեք ոչինչ չի պատահել, մյուս իրականության մեջ եղել է պատերազմ, մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մի ամբողջ սերունդ, ես կորցրել եմ իմ որդու սերունդը, և այն, ինչ մնացել է այդ սերնդից, ինձ համար հիմա թանկ մասունք է, և այն, ինչ ես կարող եմ անել իմ աշխատանքով, ուզում եմ անել հենց իրենց համար։ Այս պահին իրենք են ինձ համար կարևոր, իրենց խոսքը, իրենց խնդիրները և իրենց ապրումները»,- հարցազրույցում ասել է Ալիս Գևորգյանը։