«Հռոմը փառաբանելուց առաջ փառաբանեք Հռոմի սահմանները պաշտպանող հռոմեացի զինվորներին»

Հուլիոս Կեսար

Այսօր մենք ունենք ամենագլխավորը` Հայաստանի անկախ հանրապետությունը և վերջ, ամեն ինչ դրանով ասված է, մնում է այն պահպանել: Անկախությունը Հայաստանը ձեռք բերեց իրեն պարտադրված պատերազմի տարիներին և հիմա այդ անկախությունը պետք է պահպանել նաև հարաբերական զինադադարի ժամանակահատվածում: Եվ այսօր Հայաստանի այս ամենանշանակալի տոնի օրը չանդրադառնալ նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ դնելով պաշտպանում են մեր երկիրը մեր թշնամիներից, կլիներ շատ սխալ և ոչ արդարացի: Օրինակ, ինչպե՞ս կարելի է այսօր չհիշել այս խիզախին, խոսքը գնում է ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանի մասին, ինչպե՞ս կարելի այսօր չֆետիշացնել նրա հետևյալ խոսքերը`«Դե, ծառայություն է, այսպես էլ կլինի: Ես սակրավոր եմ, այսինքն՝ հոգեբանորեն պատրաստ եմ վտանգի դեմ գնալ: Զինված սահման ենք պահում, հո խաղ չէ՞: Փլված խրամատն էինք նորոգում, մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ արյան մեջ կորել եմ: Ուսս կարգի բերեն, գնամ զորամաս, հոգնեցի պառկելուց»:

Հիշեցում` Օգոստոսի 23-ին, ժամը 11-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերել էին հրազենային մարմնական վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողներ Նորայր Պետրոսյանին և Արթուր Ասոյանին: Նրանց անհապաղ տեղափոխել էին բժշկական կենտրոն, սակայն Նորայր Պետրոսյանի կյանքը փրկել չէր հաջողվել: Արթուր Ասոյանին տրվել էր առաջին բուժօգնություն: Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել էին, որ զինվորներին հրազենային մարմնական վնասվածքներ էր պատճառվել ադրբեջանական դիպուկահարի կրակոցից, 700-800 մետր հեռավորությունից:

Հարգելի ընթերցողներ, այսօր Արթուր Ասոյանը բուժումը շարունակում է ՊՆ Կենտրոնական հոսպիտալում, սակայն նա մի երազանք ունի `«Էս գիպսը հանեն, գնամ զորամաս»: Ինձ թվում է բառերն այստեղ ավելորդ են, նրա այս կարճ նախադասության մեջ արտացոլված է մեր հայ ազգի նկարագիրը:

Հ.Գ. Ինչպե՞ս կարելի է այսօր չփառաբանել այն 18-19 տարեկան երեխաներին, ովքեր դեռ նոր դպրոցը ավարտած արդեն պաշտպանում են մեր հայրենիքը: Հայ զինվոր` ավելի պատվաբեր բան, քան ծառայել սեփական ազգին, չկա և չի էլ կարող լինել: Հայ զինվորներին` սա Ձեր տոնն է, մենք հպարտանում ենք Ձեզանով, մենք ուժեղ ենք Ձեզանով, բարի վերադարձ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել