Bravo.am-ը գրում է․
Դերասան Հայկ Աֆրիկյանը տեւական ժամանակ է՝ չի նկարահանվում ֆիլմերում եւ հեռուստատեսային նախագծերում: Մասնագիտական դադարի պատճառների, ամուսնալուծության, ներկայիս զբաղվածության ու երազանքների մասին նա խոսել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի շրջանակում:
«Երբ արդեն ինքս էի ուզում նկարահանվել, առաջարկներ չկային»
Հա, կորել էի: Եթերում չլինելը տարբեր պատճառներով էր։ Նախ՝ ինձ հանգիստ էր պետք, նախագծեր կային՝ մերժում էի։ Հետո, երբ արդեն ինքս էի ուզում, հրավերներ չկային (ժպտում է,- հեղ․): Այդ ընթացքում զբաղվում էի իմ դերասանական դպրոցով։ Իմ մեջ այս տարիների ընթացքում չի մահացել սերն ու ոգեւորությունը մասնագիտությանս հանդեպ, միշտ կարոտով սպասել եմ, թե երբ եմ վերադառնալու։ Հիմա ե՛ւ «Մոխրոտի երազները» սերիալում եմ նկարահանվում, ե՛ւ «Թատրոն տանիքում»-ի ներկայացումներում արդեն երեք դերակատարում ունեմ։
Վերջին տարիներին այլ աշխատանք էլ ունեմ․ հյուրեր ենք ընդունում, տանում ենք Հայաստանի գեղեցիկ վայրերը ցույց տալու։ Դա ինձ համար ո՛չ գործ է, ո՛չ հոբբի. սեփական քրտինքով գումար վաստակելու ճանապարհ է։ Ընդհանրապես իմը չէ, ինձ հետ կապ չունի, ուղղակի հաճելի է Հայաստանում նոր ու պատմական վայրեր բացահայտելը։ Դա է միայն մնում ու գումար աշխատելը։ Բայց սուտ կլինի, եթե ասեմ՝ հոգեպես հաճույք, բավարարություն եմ ստանում։
«Վատ պատմության մեջ ընկա»
Մենք նշանվեցինք, ամուսնացանք, հետո ամուսնալուծվեցինք։ Նման դեպքերում կապ չունի՝ տղան է մեղավոր, թե աղջիկը, երեւույթը շատ դաժան է։ Դե, այս դեպքում մեղավորությունն իմն էր։ Մի վատ պատմության մեջ ընկա, տնավարի ասած՝ մեզ խառնեցին։ Ճիշտ է, հիմա դա անցյալում է, սուտ կլինի, եթե ասեմ՝ այդ վերքը չկա, բայց փառք Աստծո, արդեն լավացել եմ ու առաջ եմ գնում։
2014 թվականին ենք ամուսնալուծվել։ Մարդիկ կան, չէ՞, որ կասեն՝ «Դե, լավ, բան էր, անցավ գնաց», բայց իմ դեպքում զղջման փուլը շատ երկար է տեւում, նույնիսկ՝ տարիներ։ Ցավալի է, որ զղջալուց հետո չես կարող այլեւս այդ ժամը, այդ րոպեն հետ բերել, շտկել ու անցնել առաջ։ Ես զուտ չհասցրի ուղղեմ սխալս։ Այնքան արագ եղավ ամեն ինչ, երեւույթներն ու գործողություններն ինձ հակառակ էին դասավորվում, ժամանակը քիչ էր ու չէր ստացվում, չհաջողվեց։
Ավելի շուտ կասեի՝ խոսքը խառնակչության մասին է։ Դե, սերիալային իմ բուռն ժամանակներն էին «Անուրջներ»-ում։ Եվ կար վաղեմի մի պատմություն, որից չէի կարողանում ձերբազատվել, բայց ոչ՝ իմ ցանկությամբ։ Ու ամուսնանալուց հետո ամեն ինչ շատ վատ դասավորվեց։ Վստահ էի, որ ինձ հետ դա չի կարող լինել, ինձ չեն կարող շեղել այլ աղջիկներ, օրինակ։ Իսկ երբ դա եղավ, իմ կյանքը փլուզվեց։ Տեսակով այնպիսին եմ, որ փորձում եմ մինչեւ վերջ, մինչեւ տեսնեմ՝ էլ ուժ չունեմ, էլ տեղ չկա, էլ չեմ կարող։ Շատ եմ փորձել, ուղղակի չստացվեց շարունակել, նոր հնարավորություն ունենալ։
«Ընտանիք ունենալու երազանքից չեմ հրաժարվել»
Ամուսնալուծվելուց հետո իմ կյանքում եղել է մարդ, բայց էլի չի ստացվել, չգիտեմ։
Անցյալին կապող ամեն ինչից շատ դժվար եմ հրաժարվում, անգամ իմ բոլոր հին հեռախոսներն եմ պահում (ժպտում է,- հեղ․)։ Շատերն ասում են՝ պետք է առաջ շարժվել, նայել ապագային, բայց եթե չունես անցյալ, ուրեմն՝ ներկան խարխուլ է, իսկ ապագան՝ կասկածի տակ։
Հիմա արդեն վերականգնվել եմ, ու կա փակագիծ, որ այս պահին չեմ բացի։ Իհարկե, սպին մնում է, սուտ կլինի ասեմ՝ ոչինչ չկա։ Բայց ընտանիք ունենալու, սիրելու երազանքից չեմ հրաժարվել, որովհետեւ եթե երազանքներով չապրեմ, դա, երեւի, կլինի իմ վերջին օրը։