Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքների արդեն 12 տարին լրացավ, որից կեսը հետազոտական ուսումնասիրական բազմաբնույթ և նախագծային փուլն էր, երկրորդ փուլում սկսվեցին բուն շինարարական աշխատանքները: Այս մասին Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ Ամիրան Բադիշյանը:

Նա շեշտեց, որ սկսած հիմնատակերից, վերջացրած Մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ:

«Խաչի մասով շահարկումներ եղան: Պետք է ասեմ՝ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրություն գոյություն ուներ իր վրա, իրականացված էր լատունի բարակ թիթեղներից և գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել` գոյությունը չպաշտպանող վիճակում»,- ասաց նա:

Ճարտարապետի խոսքով, թանգարանում խաչը ցուցադրվում է ինչպես, որ ապամոնտաժվել է, առանց որևէ միջամտության: «Մեր աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր բրոնզաձույլ խաչը, որը, չասեմ ճիշտ կրկնօրինակն է, բայց ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել