1in.am-ը գրում է.

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը աշխարհին կոչ է անում ուժեղացնել ճնշումը Իրանի և Սիրիայի վրա, որպեսզի ստիպեն նրանց հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքի կիրառումից և մշակումից,- հաղորդում է RIA Novosti-ն:

«Մենք շոկի մեջ էինք, որ Սիրիայում կիրառվել է զանգվածային ոչնչացման զենք: Նրանք խախտել են համընդհանուր նորմերը: Ճնշումը Սիրիայի, Իրանի վրա պետք է շատ լուրջ լինի»,- ասել է Պերեսը «Յալթյան եվրոպական ռազմավարություն» ֆորումում: 

Նա չի հստակեցրել, թե Սիրիայում հակամարտող որ կողմն է քիմիական զենք օգտագործել:

Պերեսը նաև հայտարարել է, որ զգուշաթույամբ է վերաբերվում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությանն այն մասին, որ երկիրը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքի մշակումից:

Պերեսի կարծիքով՝ աշխարհում ռազմական խոշոր հակամարտություններ չեն լինի, դրանց փոխարինելու է եկել ահաբեկչությունը:

«Դա այն պատճառով չէ, որ մարդիկ վատն են դարձել: Նախկինում մարդիկ պատերազմում էին՝ նոր տարածքներ ստանալու համար, սակայն այժմ հողը կորցնում է իր կարևորությունը, և պատերազմը շատ թանկարժեք է դառնում: 50 տարի առաջ մեկ կործանիչի համար վճարում էին երկու միլիոն դոլար, իսկ այժմ՝ 100 միլիոն: Որոշ ժամանակ առաջ աշխարհն ասում էր, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է, այժմ քաղաքականության շարունակություն է դարձել ահաբեկչությունը» ,- ասել է Պերեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել