Հնդկաստանի հյուսիսարևելյան Մանիփուր նահանգի մայրաքաղաք Իմպհալում ոստիկանության հետ բախումների ժամանակ առնվազն 50 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդել է The Hindu պարբերականը։
Նշվում է, որ բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է կասեցնել ուսանողների երթը դեպի տեղական օրենսդիր ժողով՝ խախտելով սեպտեմբերի 10-ին իշխանությունների կողմից մի քանի շրջաններում սահմանված պարետային ժամը՝ տարածաշրջանում նոր միջէթնիկական բախումների և բողոքների ֆոնին: Պարետային ժամը սահմանափակում է բնակիչների տեղաշարժը նրանց բնակության վայրերից դուրս և արգելում հինգ և ավելի մարդկանց հավաքները։
Լարվածությունը նահանգում սկսել է սրվել 2023 թ. մայիսին` այն բանից հետո, երբ մեյթեյ ցեղի ներկայացուցիչները պահանջել են իրենց տալ, այսպես կոչված, գրանցված կաստայի կարգավիճակ: Այս կարգավիճակը տալիս է մի շարք արտոնություններ, այդ թվում՝ պետական կառույցներում աշխատանքի տեղավորվելիս և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս։
Մեյթեյի պահանջն առաջացրել է կուկի ցեղի զայրույթը, որը կազմում է նահանգի բնակչության 56 %-ը։ 2023 թ. մայիսի սկզբին կուկիների կազմակերպությունները բողոքի երթ են անցկացրել։ Այնուհետև նահանգում զանգվածային բախումներ են սկսվել երկու ցեղերի՝ ծայրահեղականորեն տրամադրված տարրերի միջև, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի: Իրավիճակը վերահսկելու համար իշխանությունները նահանգ են բերել ռազմականացված ոստիկանության 26 000 ծառայողի։ Ըստ The Hindu-ի տեղեկատվության՝ բախումների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 230 մարդ։ Ավելի քան 59 000 մարդ տեղահանվել է։
Էսկալացիայի նոր ալիքն սկսվել է անցյալ շաբաթ գիշերային հարձակումներով և գյուղերի վրա գրոհներով՝ անօդաչու թռչող սարքերի և ինքնաշեն հրթիռային արկերի օգտագործմամբ: Զոհվել է առնվազն ութ մարդ։ Հնդկաստանի կառավարությունը Մանիփուր է տեղափոխել լրացուցիչ 2000 զինծառայողի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել