Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Հայաստանը միջազգային տարբեր ֆորմատներին մասնակցություն է ունենում։ Մենք BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ՝ անդամակցել, և նաև՝ Հայաստանը BRICS-ի անդամ մի շարք երկրների հետ ունի շատ բազմաբնույթ հարաբերություններ։ Ես չգիտեմ՝ ՀՀ-ն BRICS-ի կանոնադրության համաձայն մասնակցում է դիտորդի՞, թե՞ հրավիրյալի կարգավիճակով։ Այստեղ որևէ ինտրիգ չէի փորձի գտնել, Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին վարչապետի մասնակցության վերաբերյալ հարցին։
Ինչպե՞ս է ժողովրդավարական և եվրոպական ձգտումների մասին հայտարարող Հայաստանը մասնակցում հիմնականում բռնապետական երկրներից բաղկացած միավորի գագաթնաժողովին։ «Ես հասկանում եմ այդ հարցի ենթատեքստը, որ անընդհատ․․․ տրամադրվածություն կա, որ Հայաստանը ունենալով եվրոպական որոշակի ձգտումներ այս փուլում, ինչո՞ւ է մասնակցում։ Իսկ օրինակ՝ ինչպիսի՞ն է Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի և եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Մենք ունենք զարգացող հարաբերություն Չինաստանի հետ, հրաշալի հարաբերություն՝ Հնդկաստանի հետ»։ Այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության մասնակցելու է «հակաարևմուտքի» համբավ ունեցող կառույցի գագաթնաժողովին, արդյո՞ք ՀՀ-ն չի զրկվի արևմտյան աջակցությունից, Սարգիս Խանդանյանը արձագանքեց․ «Դուք կարծում եք՝ Հնդկաստանի վարչապետը մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին, իրեն դիրքավորում է որպես հակաարևմուտքի գործի՞չ։ Ես կարծում եմ՝ չափազանցված եզրակացություն և գնահատական է, թե մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին՝ կզրկվի արևմտյան աջակցությունից։ Հայաստանը տարբեր ֆորմատներով քննարկումների է մասնակցում։ Նաև ԱՊՀ գագաթնաժողովն է լինելու, որին ենթադրում եմ վարչապետը կմասնակցի, որովհետև ԱՊՀ անդամ երկիր ենք։ Մենք մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների։ Եկեք խոստովանենք, որ աշխարհը շատ խառն է հիմա, և սև ու սպիտակ չէ։ Պետք է փորձել բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: