Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։

Sputnik Արմենիա-ն գրում է. «Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն, սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։

Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։

Մի շարք դպրոցների տնօրեններ ոչ միանշանակ են արձագանքում այս իրավիճակին և օտար լեզուների միջև դասաժամերը բաշխում են «հին ձևով»։ Ըստ շրջաբերականի՝ նրանք իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։

Ռուսերենի մի շարք մասնագետներ Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։

Հասկանալու համար խնդիրը մենք գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն` պարզաբանումներ ստանալու համար։ Շրջանցելով որոշ հարցեր՝ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ․ հուլիսի 27–ի N 98–Ն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանի հավելված 2–ի 13–րդ կետի՝ ուսհաստատության 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա: «Հաշվի առնելով վերոգրյալը՝ դպրոցն ինքն է մշակում իր ուսումնական պլանը՝ չափորոշչին համապատասխան»,–հայտնեցին նախարարությունից։

Իր հերթին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Ռուսաց լեզվի» հետ կապված խնդիրներ չի տեսնում։

«Դա էական փոփոխություն չէ, քանի որ Հանրակրթության պետական չափորոշիչն ավելի բարձր մակարդակի փաստաթուղթ է, քան ուսումնական պլանը։ Այնտեղ հստակ գրված է, որ 2–րդ դասարանում դասավանդվում է 1 օտար լեզու, և այդ օտար լեզուն ռուսաց լեզուն է։ 3-12–րդ դասարաններում երեխաներն անցնում են 2 օտար լեզու, որոնցից մեկը «Ռուսաց լեզուն» է։ Այսինքն բուն չափորոշիչների առումով որևէ խնդիր չկա»,–ասաց նա

Նրա խոսքով՝ ուսումնական պլանում «օտար լեզու 1» և «օտար լեզու 2» ձևակերպումը դեռ չի նշանակում, որ դպրոցները կարող են ընդհանրապես կրթական ծրագրից հանել «Ռուսաց լեզուն»՝ այն փոխարինելով այլ օտար լեզվով։

Խաչատրյանն ընդգծեց, որ խնդիր կարող է առաջանալ ժամաքանակների հետ կապված։ Այսինքն դպրոցը կարող է որոշել ավելի շատ ժամ տալ, օրինակ, «Անգլերենին», քան «Ռուսաց լեզվին»։ Դա թողնվում է դպրոցների տնօրենների հայացողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել