Lurer.com-ը գրում է.

Մայրաքաղաք Երևանում ամեն օր առաջացող խցանումների պատճառներից մեկը հաճախակի խափանվող լուսացույցերն են։ Օրվա տարբեր ժամերի մեկ էլ տեսար՝ այս կամ այն խաչմերուկի լուսացույցը չի աշխատում։ Ու եթե դրան զուգահեռ՝ տարածքում չեն աշխատում նաև պարեկները, ապա խցանումն ու սոդոմ-գոմորը պատրաստ է։

Ոստիկանությունից ասում են՝ իրենք կապ չունեն լուսացույցերի հետ, դրանց անխափան աշխատանքի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, քանի որ քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում լուսացույցերը։ Քաղաքապետարանից էլ ընդունում են, որ լուսացույցերի անխափան աշխատանքի պատասխանատուն իրենք են, բայց մեղքը բարդում են ՀԷՑ-ի և ժամանակակից լուսացույցերի «նուրբ ու զգայուն հոգի» ունենալու վրա։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարչանի լրատվության վարչությունից MediaHub-ին փոխանցեցին, որ լուսացույցերի անխափան աշխատանքը մեծապես կախված է Հայաստանի էլեկտրական ցանցերի անխափան աշխատանքից։

«Քանի որ մենք հիմա գործ ունենք հիմնականում դիոդային ժամանակակից լուսացույցերի հետ, հետևաբար լուսացույցերի անխափան աշխատանքը մեծապես կախված է էլեկտրաէներգամատակարարման անխափանությունից։ Քանի որ այդ դիոդային լուսացույցերը շատ նուրբ են, հետևաբար, անկանոն և պարբերական անջատումներից շուտ վնասվում են իրենց սնուցման համակարգերը, և 90 տոկոս դեպքերում հենց այդ պատճառով է լինում, որ այս կամ այն հատվածում կարող են լուսացույցերը խնդիրներ ունենան»,-ասացին մեզ քաղաքապետարանից՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները։

Նաև նշեցին, որ ամենաշատը մեկից երեք օր է տևում այդ լուսացույցերի վթարի կամ աշխատանքի վերականգնումը, բայց գրեթե երեք օրի չի էլ հասնում։

Մեր դիտարկմանը, թե պետական կառույցները հերթով մեկը մեկի վրա են մեղքը բարդում՝ ոստիկանությունից ասում են, թե քաղաքապետարանի գործառույթն է դա, դուք ասում եք՝ ՀԷՑ-ն է մեղավոր, ՀԷՑ-ից էլ վերջին ասուլիսի ժամանակ հոսանքազրկումների մեղքը այլ կառույցների վրա էին բադրում, քաղաքապետարանի լրատվության վարչությունից այսպես արձագանքեցին․ 

«Այն, որ սպասարկումը քաղաքապետարանն է իրականացնում, դա մենք միանշանակ ընդունում ենք։ Այն, որ կան վերջերս հաճախակի դարձած խափանման դեպքեր, դա էլ ենք ընդունում, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ որքան էլ ՀԷՑ-ից ասեն, թե մենք չենք, միևնույն է, այս նոր ժամանակակից լուսացույցերը, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, այն սովետական մեխանիզմով աշխատող լուսացույցերից չեն, դրանց դիոդային համակարգը նախատեսված չէ այդքան հաճախակի էներգախափանումների ենթարկվելուն»։

Ինչ վերաբերում է այս խնդրի լուծմանը, ապա հասկացանք, որ լուծում այս պահին չկա, քանի որ «մինչև էներգահամակարգը նորմալ չաշխատի, խնդիրը չի լուծվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել