Վերջին շաբաթներին Հայաստանում քննարկման առարկա է դարձել մեր երկիր ներթափանցած «Արևմտյան Նեղոսի տենդը»։ Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ: Օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է լաբարատոր հաստատված է 75 դեպք և մեկ մահ:
Առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողներն են թիրախում: Պատվատանյութ և հստակ բուժում չկա, միայն ախտանշանային բուժում:
Որքա՞ն կտարածվի վարակը, և ի՞նչ հետևանքների սպասի Հայաստանի հասարակությունը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ինֆեկցիոնիստ Արմեն Օհանյանի հետ։
«Վարակն արդեն իսկ տարածվել է Հայաստանում, բայց վախենալու և ահաբեկվելու կարիք չկա, այն սեզոնային է, ենթադրյալ ավարտը կլինի հոկտեմբեր ամսին: Ժամանակավոր բնույթ է կրելու»,- վստահություն հայտնեց նա։
Ավելացրեց՝ վախենալու կարիք չկա, քանի որ 70-80% դեպքերում մարդիկ անգամ չեն իմանում, որ հիվանդացել են, որևէ ախտանիշ չունեն, մնացած 20-30% դեպքերում թեթև գրիպանման ընթացք է լինում:
Օհանյանի խոսքով՝ ռիսկի խմբում են տարեց մարդիկ, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողները, և ամբողջ կյանքի համար իմունիտետ է զարգանում։
«Կապիկի ծաղիկի» վարակի մասով էլ մեր զրուցակիցն ասաց, որ ի տարբերություն «Արևմտյան Նեղոսի» տենդի, որն արդեն տարածվել է Հայաստանում, այն, բարեբախտաբար, մեր հանրապետությունում չի գրանցվել:
««Կապիկի ծաղիկն» ավելի վտանգավոր վարակ է, հիմնական փոխանցվող մեթոդը համարվում է սեռական ճանապարհը կամ սեռական կոնտակտի միջոցով»,– նշեց ինֆեկցիոնիստը։
Անդրադառնալով «Արևմտյան Նեղոսի» տենդի շուրջ քննարկումներին, թե այն ստեղծված է արհեստական ձևով և, մասնավորապես, ԱՄՆ–ում սպասվող ընտություններով է պայմանավորված, Օհանյանը պատասխանեց, որ այս վարակի մասին բավականին վաղուց է հայտնի, դեռ անցած դարի 60-ականներից։
«Բայց Հայաստանը նոր տարածաշրջան է այս հիվանդության համար, ինչի բացատրությունն էլ, հիմնականում, բնակլիմայական տեղաշարժերն են»,- հավելեց նա։