News.am-ը գրում է.
Վերջին տվյալով Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվն ինն է։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։ Բժիշկ-վարակաբան Լենա Նազարյանի խոսքով՝ մահացել է մեկ մարդ, նա եղել է տարեց՝ ուղեկցող քրոնիկական հիվանդություններով։
Պացիենտներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի ուղեցկցող քրոնիկական հիվանդություն։ Ինը պացիենտներից երեքը լավացումով դուրս են գրվել, իսկ մյուսների վիճակը ծանր է ու միջին ծանրության։
«Ունենք այս պահին նաև 22 տարեկան հաստատված մենինգիտով պացիենտ։ Իհարկե, ավելի թեթև են տանում այն մարդիկ, որոնք քրոնիկական հիվանդություն չունեն։ Բայց ունենք նաև 44 տարեկան պացիենտ, որը չունի քրոնիկական հիվանդություն, սակայն բավական ծանր ընթացքով մենինգիտ է տարել և այս պահին էլ վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշեց Լենա Նազարյանը։