1in.am-ը գրում է.

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, մայրաքաղաքում անցկացնում է աշխատանքի հերթական տոնավաճառը: 

Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետ Արտակ Մանգասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ նախորդ տոնավաճառների պրակտիկան ցույց է տալիս, որ դրանց արդյունավետությունը շատ բարձր է, քանի որ դեմ դիմաց իրար են հանդիպում աշխատանք փնտրողը և գործատուն: 

Մանգասարյանը նշեց, որ գործատուներն աշխատանք են առաջարկում ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց՝ կահույքագործ, դիզայներ, հաշվապահ, տնտեսագետ, բանվոր և այլն: Նախատեսված աշխատավարձը շուկայականին մոտ է` 80 000 -200 000 դրամ: Գործակալության պետի փոխանցմամբ` նման միջոցառումների շնորհիվ 30-35 տոկոս արդյունավետություն կա, ներկայումս պահանջարկ ունեն ավելի երտասարդ մասնագետները:

Տոնավաճառի մասնակից գործատուները Երևանից են: Տարեկան պետբյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվում է տասնմեկ տոնավաճառ, որոնց մի մասը` մարզերում:

Չորս ամիս Հայաստանում գտնվող 26-ամյա սիրիահայ Դանիելն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարորդի աշխատանք է փնտրում: Նա մասնագիտությամբ վարսավիր է, աշխատում է տանը: Դանիելը չորս ամսի ընթացքում արդեն հասցրել է բախվել աշխատանք գտնելու դժվարությանը, նշում է, որ իր մասնագիտությամբ աշխատելու համար պետք է ունենա այցելուների որոշակի թիվ, որին տարիների ընթացքում են հասնում: Այդ է պատճառը, որ նա որոշել է նոր աշխատանք գտնել: 

«Առավոտից պահակություն եմ անում, գիշերներն էլ տանը վարսավիրությամբ եմ զբաղվում, բայց դե, այցելուները քիչ են, հիմա որոշել եմ նոր աշխատանք գտնել»,- ասում է Դանիելը և նշում, որ տոնավաճառի հետ որոշակի հույսեր է կապում, բայց վստահ չէ, թե աշխատանք կգտնի:

51-ամյա Սուսաննան, որը մասնագիտությամբ բուժքույր-մերսող է, 27 տարի աշխատել է մասնագիտությամբ, սակայն արդեն տասը տարի գործազուրկ է: Նա նշում է, որ կույր պետք է լինել՝ չնկատելու համար Հայաստանում գործազրկության մակարդակը և աշխատանք գտնելու դժվարությունները: «Սուտ են բոլոր գործակալությունները. թղթերի վրա գրել, դրել են, որտեղ զանգում ես աշխատանքի համար՝ ասում են` հենց նոր ընդունեցինք: Այդ գործակալություններն ուղղակի մարդկանցից գումարներ են շորթում. երեք հազար մուծում ես, ոչինչ չես ստանում, այնինչ` իրենց է աշխատանք պետք: Ուղարկում են մի տեղ, գնում ես, ասում են` մենք նման հաստիք չենք ունեցել, իսկ գործակալությունում համոզում են, թե պարզապես քեզ են այդպես մերժել»,- ասում է նա:

Տիկին Սուսաննան ևս տոնավաճառի հետ առանձնապես հույսեր չի կապում, սակայն առիթը բաց թողնել չի ցանկանում: Նա ցանկանում է գտնել գոնե 100 000 դրամ վարձատրությամբ մասնագիտական աշխատանք, որպեսզի գոնե տրանսպորտի ծախսերին բավարարի:

40-ամյա Անահիտը ծրագրավորող է, բայց երբեք մասնագիտությամբ չի աշխատել: «Փնտրել եմ, ոչ մի հույս չի եղել, ասում են` կկանչեք, գումար են վերցնում, չեն կանչում, հետո էլ այնքան անիմաստ աշխատանք են առաջարկում, որ չես կարող համաձայնել: Բոլորն աշխատանքային փորձ են ուզում, դե, մեկդ ընդունեք, որ փորձ ունենամ»,- ասում է նա: 

Անահիտն աշխատել է որպես վաճառող, հաշվապահ, հիմա էլ պատրաստ է ոչ մասնագիտական աշխատանք գտնել, միայն թե աշխատի: Գործատուները հիմա էլ Անահիտի տարիքն են նշում, պատճառաբանում, որ մեծ է: Աշխատավարձի մասին նա դեռ չի էլ մտածում: Ասում է` խոստացան գոնե 70 000 դրամ աշխատավարձով աշխատանք տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել