Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը 4-րդն է Փարիզի Օլիմպիական խաղերում:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի օլիմպիական մրցաշարի 102 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտում գրանցեց 398 կգ արդյունք (186+212)
Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ բարձրացրեց 180 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 186 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Հայաստանի մարզչական թիմը քաշը չփոխեց, Գարիկ Կարապետյանը մոտեցավ կրկին 186 կգ-ին եւ հաջողությամբ պոկեց ծանրաձողը:
Հրում վարժությունը Կարապետյանը մեկնարկեց 212 կգ-ով:
Առաջին մոտեցմամբ հաջողությամբ հրեց 212 կգ-ն։ Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 218 կգ: Գարիկ Կարապետյանը մոտեցավ, մեկնարկեց, բայց մրցավարները վառեցին կարմիր լույսը եւ թույլ չտվեցին շարունակել: Խախտում էին նկատել նրա վարժության մեկնարկում: Գյումրեցի ծանրորդը ձախողեց նաեւ երրորդ մոտեցումը եւ չկարողացավ հրել 218 կգ-ն:
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Լիու Հուանհուան (406 կգ, 186+220) , արծաթե մեդալակիր՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Ասիայի փոխչեմպիոն ուզբեկ Ակբար Ջուրաեւ (404 կգ, 185+219), բրոնզե մեդալակիր՝ աշխարհի չեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնցով (402 կգ, 183+219):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել