1in.am-ը գրում է.
Հուրախություն համայն աշխարհի եզդիների՝ Իրաքի կառավարությունը եզդիներին որպես անկախ էթնիկ խումբ է ճանաչել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Իրաքում, մեր հաշվարկներով, ապրում է 1 միլիոն 300 հազար եզդի: Շնորհակալ ենք այդ պետությանը մեզ որպես էթնիկ առանձին խումբ ճանաչելու համար: Իրաքը Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից հետո չորրորդ պետությունն է, որը եզդիներին ճանաչեց որպես էթնիկ առանձին խումբ: Գերմանիայում, օրինակ, որտեղ ապրում է երկու հարյուր հազար եզդի, մեզ էթնիկ առանձին խումբ չեն ճանաչում: Իսկ ահա ԵԽ-ն 2002 թվականին մեր լեզուն և մեզ`եզդիներիս, ճանաչել է որպես առանձին էթնիկ միավոր: Մեզ աշխարհում ճանաչում են Հայաստանի միջոցով: Ես դրա համար խոնարհվում եմ հայոց պետականության առաջ»,- ասաց նա` հույս հայտնելով, որ եզդիներին առանձին էթնիկ միավոր կճանաչեն նաև Թուրքիայում:
Ազիզ Թամոյանը տեղեկացրեց նաև, որ նույն հարցով իրենք դիմել են աշխարհի մի շարք երկրների կառավարություններին, այդ թվում` ԱՄՆ կառավարությանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Էզդիխանա» թերթի խմբագիր Խըդըր Հաջոյանն էլ նկատեց, որ Իրաքում եզդիներին առանձին էթնիկ միավոր ճանաչելուց հետո պետք է թույլատրվի դպրոցներում եզդիերեն և կրոնի պատմություն դասավանդել: