Mediahub.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ երեկ մանդատից հրաժարվելու դիմում է գրել, քանզի պատրաստվում է նշանակվել Ռուսաստանում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորներից է։

Նա իր 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում ներկայացրել է 17 անշարժ գույք, որոնցից ինը՝ հողամաս Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ Կոտայքի մարզում, Արմավիրի մարզում, Տավուշի մարզում, ինչպես նաև Երևան քաղաքում, նաև մեկ հասարակական նշանակության շինություն և մեկ անհատական բնակելի տուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում, երկու հասարակական նշանակության շինություն՝ Դիլիջանում, մեկ անհատական բնակելի տուն Գյումրիում, հողին ամրացված այլ անշարժ գույք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, նորակառույց շենքում բնակարան՝ դարձյալ Արաբկիր վարչական շրջանում, ու դարձյալ Արաբկիր վարչական շրջանում, որն իր բնակության վայրն է, ևս մեկ հասարակական նշանակության շինություն։

Այսքանը՝ միայն անշարժ գույքի մասով։ ՔՊ-ի օլիգարխ պատգամավորը նաև թանկարժեք մեքենաներ է հայտարարագրել՝ 2019 թ․ թողարկման Bentley Bentayga ամենագնաց, որը Արսենյանի հիմնական փոխադրամիջոցն է, 2015 թ․ Mercedes-Benz, 2018 թ․ Nissan Rogue, որը հիմնականում Արսենյանի Bentley-ին ուղեկցող փոխադրամիջոցն է, նաև 2014 թ․ արտադրության մեկ Range Rover, որը վերջերս նկատեցինք՝ նրա ընկերներից մեկն էր վարում։

Հիմա անցնենք Արսենյանի դրամական միջոցներին։ Նախ, նա ութ ընկերությունում տարբեր չափի բաժնեմասեր ունի, սակայն ընկերությունների անունները թաքցրել է։ Նա նաև 2021 թվականի Նյու Յորքի Nasdaq ֆոնդային բորսայից արժեթղթեր է ձեռք բերել, որոնք 2023 թվականի սկզբին կազմել է 2 մլն 83 հազար դլոար, իսկ հաշվետու տարվա վերջին նվազել է՝ դառնալով  1 մլն 897 հազար 463 դոլար։

Արսենյանը նաև հարյուր հազարավոր դոլարների և տասնյակ միլիոնավոր դրամների փոխառություններ է վերցրել կամ հանձնել մի շարք ընկերությունների և անհատների, այդ թվում՝ Բաբկեն Գուրգենի Արսենյանին, որը նրա ավագ որդին է։ Վերջինիս Արսենյանը 1 մլն 370 հազար դոլար է փոխառությամբ տվել, տարվա ընթացքում ևս 135 հազար դոլար է ավելացրել, որը տարվա վերջում դարձել է արդեն 1 մլն 505 հազար դոլար։ Նա նաև իրեն պատկանող «Յունիքորն սերվիս» ընկերությանը 60 մլն 500 հազար դրամի գումար է  2023 թ․ սկզբին փոխառությամբ տվել, որը տարվա վերջին ավելացել է՝ դառնալով 68 մլն դրամ։ 

Նախկինում ԲՀԿ խմբակցության, այժմ դեռևս ՔՊ խմբակցության պատգամավոր և ապագա դեսպան Գուրգեն Արսենյանը նաև 16 անուն թանկարժեք իր է հայտարարագրել, որոնց յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 4 մլն դրամը։ Թվարկենք միայն ամենաթանկարժեքները, օրինակ՝ 300 հազար դոլար արժողությամբ ճաշասենյակի կահույքի հավաքածու, որը նա ձեռք է բերել 1995 թվականին, 70 հազար դոլար արժողությամբ ճաշի սպասքի հավաքածու, երկու ժամացույց՝ 51 և 82 մլն դրամ արժողությամբ, 143 մլն դրամի նկարների հավաքածու, ևս մեկ նկարների հավաքածու՝ արդեն 235 մլն 900 հազար դրամ արժողությամբ, 110 մլն դրամանոց խոհանոցի կահույքի հավաքածու և այսպես շարունակ։ Ամենաէժան ու համեստ իրը 5 մլն դրամ արժողությամբ հեռուստացույցն է և 8500 դոլարանոց հեռադիտակը։

2023 թվականի սկզբին Արսենյանն իր հաշիվներին ունեցել է 40 եվրո, 800 հազար դոլար և 32 571 հազար։ Այդ ամենից տարվա վերջին մնացել է ընդամենը  449 հազար 995 դոլար։

Իսկ որպես կանխիկ դրամ՝ Արսենյանը 2023 թվականի վերջին ունեցել է 977 հազար 600 դոլար,  6 մլն 780 հազար դրամ և 58 հազար եվրո։ Այս ամենի կողքին ամենահամեստը Արսենյանի ստացած մեկ տարվա եկամուտն է՝ ընդամենը 14 մլն 443 հազար դրամ, որից 9 մլն 983 հազար 370 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել