Ինչպես հայտնի է, բավական տևական ժամանակ է, ինչ Երևանի արվարձաններում հոսանքի հովհարային անջատումները չեն դադարում խաթարել բնականոն կյանքը՝ օգնելով մարդկանց վերհիշել մութ ու ցուրտ 90-ականները:
Պետք է արձանագրել, որ այս իրավիճակը միանգամայն արհեստականորեն հրահրված, կոնկրետ նպատակներ հետապնդող, շատ կոնկրետ հաստատության կողմից ցուցաբերվող թերի աշխատանքի հետևանք է: ՀԷՑ-ը, որ իրավիճակի համար առաջնային պատասխանատվություն կրող օղակն է, չի համենում նույնիսկ նորմալ պատասխանել ստացվող ահազանգերին. այստեղ անգամ գիշերային հեռախոսային օպերատոր հասկացություն գոյություն չունի: Փոխարենն ինքնապատասխանիչը միացնում են, թողնում-գնում՝ չհամենալով ժողովրդին բացատրություն ներկայացնել խայտառակ իրավիճակի վերաբերյալ:
Մի շատ բնական հարց է առաջանում՝ իրականում ո՞րն է պատճառը, որ մայրաքաղաքի արվարձաններում հասարակ հոսանքը դարձել է խիստ դելեգատես բարիք, որից մարդիկ օգտվել կարողանում են օրական ընդամենը մի քանի ժամ և ոչ ավելին:
Հարցի պատասխանը չափազանց պարզ է, և այն հետևյալն է՝ հովհարային անջատումները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Տաշիր Սամոն», որին, ինչպես հայտնի է, պատկանում է ՀԷՑ-ը, իր ներդրումային պարտականությունները գործնականում չի կատարել՝ մարդկանց ու պետությանը հիմարի տեղ դնելով. մի քանի հարյուր միլիոնի ենթակառուցվածքային ներդրում անելու փոխարեն հին սարքավորումներ է ներկրել՝ դրանք նոր սարքավորումների անվան տակ մատուցելով: Կարճ ասած՝ յուրատեսակ «ատկատ» է արել՝ իր համար գերշահույթներ ապահովելով։
Գուցե «Տաշիր Սամոյի» անբարո ժլատությունը չունենար նման խայտառակ հետևանքներ, եթե համակարգի մաշվածությունը այսքան աղետալի չլիներ: Բայց իրականությունն այն է, որ այս իրավիճակում մի քանի հարյուր շենք սնուցող ենթակառուցվածքը չի դիմանում լարմանը, իսկ որպեսզի Կենտրոնը օրվա մեծ մասն առանց հոսանք չմնա, արվարձանները մի քանի ժամով հովհարային սկզբունքով հոսանքազրկում են, որպեսզի լարմանը դիմանալ լինի, հրդեհներ չլինեն, տրանսֆորմատորները չխոտանվեն։ Այսինքն՝ «Տաշիր Սամոյի» խաբեբայության պատճառով այսօր Երևանը մի քանի տասնամյակ հետ է շպրտվել, և սա՝ այն դեպքում, երբ ժամանակին բոլորովին այլ բան էր այս տխրահռչակ ներդրողի կողմից խոստացվում:
Այսպես շարունակվելու դեպքում պետք է մտածել ՀԷՑ-ի համար նոր սեփականատեր գտնելու մասին. հո մարդիկ «Տաշիր Սամոյի» ամբիցիաների ձեռքը կրակը չե՞ն ընկել: