Mediahub.am-ը գրում է․
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն և տեսանյութ տարածեց՝ մանրամասն նկարագրելով և ցուցադրելով, թե ինչպես են քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրներից Արա Բանդուրյանի 18-ամյա որդին ու նրա թիկնապահը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում վիճաբանում Սևանում հայտնի բժիշկ Արսեն Աֆիյանի ու նրա ընկերների հետ, որի ժամանակ Բանդուրյանի որդու թիկնապահը ատրճանակով կրակելով՝ սպանում է Աֆիյանին։
Տեսանյութում երևում է, որ սեղանի շուրջ նստած են Արսեն Աֆիյանը՝ անչափահաս որդու հետ, նրա ընկերներն ու ընկերոջ կինը՝ իրենց տղայի հետ։ Մի քանի սեղան այն կողմ նստած են լինում Արա Բանդուրյանի որդին՝ իր թիկնապահի ու ևս երկու անձի հետ։ Նրանց սեղանից ինչ-որ մեկը, չգիտես ինչու, դիտողություն է անում Արսեն Աֆիյանին ու իր սեղանակիցներին իբրև թե բարձր խոսալու համար։ Տեսանյութում երևում է, որ Աֆիյանը շրջվում ու տեղից պատասխանում է իրենց դիտողություն անողներին, ինչն էլ վերածվում է թեժ վիճաբանության, ծեծկռտուքի և հանգեցնում ողբերգական հետևանքների։
Լեզվակռվից հետո Բանդուրյանի որդին ու իր հետ նստած անձինք տեղից վեր են կենում, մոտենում Արսեն Աֆիյանին ու իր ընկերներին, և սկսվում է կռիվ կինոն։
Քննչականի հաղորդագրության մեջ ասվում է․
«Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն, Դ․Հ․–ն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։ Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել»։
Քննչականի հաղորդագրության մեջ նկարագրված 42-ամյա տղամարդը մահացած Արսեն Աֆիյանի ընկերն է, որը տեսանյութում երևում է՝ ինչպես է ատրճանակը հագուստի հետևում տեղավորելուց մոտենում վիճաբանողներին, ապա տեսնելով, որ վեճը թեժանում է, զենքը գոտկատեղից հանում է՝ հավանաբար կրակելու կամ վախեցնելու նպատակով։ Ու թերևս հենց դա էլ առիթ է հանդիսանում, որ Բանդուրյանի որդին ու իր կողմնակիցները դիմեն կտրուկ քայլերի։ Քննչականի հիշատակած Լ․Բ․-ն հենց Արա Բանդուրյանի 19-ամյա որդին է՝ Լևոն Բանդուրյանը, որը մի փոքր հետո է մոտենում վիճաբանողներին և ինքն էլ իր հերթին մտնում վիճաբանության մեջ։ Բայց կրակոց արձակողը լինում է նրա թիկնապահը՝ տեսանյութում երևացող կիսամերկ տղամարդը։
Քննչական կոմիտեն Լևոն Բանդուրյանին մեղադրանք է առաջադրել խուլիգանության հատկանիշներով, իսկ նրա թիկնապահին՝ սպանության։ Երկուսն էլ կալանավորվել են, իսկ Դ․Հ-ն փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բանդուրյանի որդու հետ նստած չորրորդ անձի ինքնությունը դեռ պարզված չէ։