1in.am-ը գրում է.
Իրանի իշխանությունները հետաքրքրված են մերձավորարևելայն տարածաշրջանի խնդիրների կարգավորմամբ և պատրաստ են կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունների համար հանդես գալ միջնորդի դերով հարևան այն երկրներում, որտեղ քաղաքական հակամարտություն կա: Այս մասին ասվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հոդվածում, որը հրապարակվել է The Washingtin Post պարբերականում:
«Առաջին հերթին մենք պետք է համախմբվենք՝ կառուցողաբար աշխատելու և ազգային երկխոսություն սահմանելու նպատակով՝ լինի դա Սիրիայում, թե Բահրեյնում... Այս կապակցությամբ ես հայտարարում եմ, որ իմ կառավարությունը պատրաստակամ է օգնություն ցուցաբերել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հաստատման հարցում»,- գրել է Ռուհանին հոդվածում:
Միևնույն ժամանակ Իրանի նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել չհրաժարվել երկխոսության զարգացման նոր հնարավորություններից, որոնք առաջացել են Իրանում տեղի ունեցած ընտրություններից հետո:
Նախատեսվում է, որ Իրանի նախագահը հաջորդ շաբաթ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Իրանի առաջնորդի հետ: