Ռուսաստանի կառավարությունը բենզինի արտահանման սահմանափակումները կերկարաձգի մինչև հոկտեմբերի վերջ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ–ն, այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը՝ նշելով, որ սկզբունքային որոշումն արդեն կայացվել է:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրա:
Արտահանման արգելքը չի տարածվում դիզելային վառելիքի արտահանման վրա։
Փոխնախարարի խոսքով՝ արգելքը երկարաձգվում է «ապահովագրվելու» և ներքին շուկայում պաշարներ ապահովելու համար։ Բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը սահմանվել էր 2024 թ. մարտի 1–ից մինչև օգոստոսի 31–ը։ Մայիսի 20–ից արգելքը կասեցվել է (մինչև հուլիսի վերջ), բայց միայն բենզին արտադրողների, այլ ոչ թե վերավաճառողների համար:
Նշենք, որ 2022 թվականին Հայաստանը մոտ 574 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել, որից ավելի քան 70%–ը (414 մլն դոլար)` Ռուսաստանից, 10–ական տոկոս՝ Իրանից և Հունաստանից (համապատասխանաբար 58,1 մլն դոլար և 55,3 մլն դոլար), մնացածը՝ այլ երկրներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել