«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը դժգոհ է. Եկամուտների վերաբերյալ կանախտեսումները չեն իրականանաPanorama.am-ը գրում է.

«Երևի ախորժակը ուտելիս է բացվում»: Այսպես էր ֆեյսբուքյան իր էջում արտահայտվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Սիթի փարկինգ սերվիս» ընկերության մասին` դժգոհություն հայտնելով, որ «Երևանի ամբողջ կենտրոնը կարմիր գծերի հուլունքաշար է, աստիճանաբար «օկուպացվում» են երկրորդական, երրորդական փողոցները, նրբանցքները…Մնում է մտնեն շենքերի բակեր, գծանշեն ավտոտնակների դիմացը…»:

Ապա Մելքոյանն ընդգծում է, որ ««աբուռն» էլ լավ բան է, գոնե դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների, թանգարանների, պատկերասրահների, մանկական սրճարանների, համանման օբյեկտների մոտ մի գծեք…Կարծես համը հանում եք արդեն…»: Նախկին փոխոստիկանապետի դժգոհություն արտահայտող գրառման ներքո մեկնաբանություններ ու նույն ընկերության վերաբերյալ դժգոհություն հայտնող գրառումներ թողեցին բազմաթիվ օգտատերեր` հույս հայտնելով, որ ընկերությունը կվերանայի իր գործելաոճը:

Քաղաքացիների մտահոգությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

Նրա խոսքով, այս պահին վճարովի կայանատեղիների գործընթացը դեռ Կենտրոն վարչական շրջանում չի ավարտվել: 

«Պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս ժամկետում մենք պարտավոր ենք ապահովել 10 հազար ավտոկայանատեղի, ևս վեց ամիս անց` նորից 10 հազար կայանատեղի: Մինչև տարեվերջ պետք է մոտ 15 հազար կայանատեղի ապահովել, որպեսզի կարողանան կատարել պայմանագրի պահանջները»,-ասաց Վ. Հարությունյանը:

Ներկա պահին ամբողջ կահավորումով 7-8 փողոցում են աշխատանքներն ավարտվել: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել աշխատանքները Կենտրոնում, իսկ հաջորդ տարի դրանք սկսել այլ վարչական շրջաններում:
Հնչած այն առաջարկին, թե կրթական ու մշակութային հաստատությունների մոտ գոնե կարմիր գծեր չլինեն, Վ. Հարությունյանն արձագանքեց. «Բայց կա՞ նման մի տեղ, որ մենք գծել ենք: Չի կարող նման բան լինել»: 

Նշենք, որ Panorama.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ բուհերի, դպրոցների, մշակութային շենքի մուտքի հենց դիմաց կարմիր գծեր չկան, իսկ մի քիչ այն կողմ գծեր` ինչքան ուզեք: 

«Դիմացի մայթը դպրոցին չի պատկանում, պատկանում է շենքին: Բայցի այդ, այդ ամենը կանոնակարգում է ոչ թե «Փարկինգ Սիթի Սերվիսը», այլ կառավարության որոշմամբ, որտեղ կարելի է գծել, որտեղ` ոչ»,-ասաց ընկերության տնօրենը:

Ինչ վերաբերում է հետվճարային համակարգի բացակայության վերաբերյալ առկա դժգոհություններին ու հետագայում դրա ներդրման հնարավորությանը, ապա Վ. Հարությունյանն ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը ոչինչ որոշել չի կարող:

«Որոշումները կայացնում են քաղաքապետարանը, ավագանին, «Փարկինգ սիթի սերվիսը» որոշումներ ընդունող չէ, այն որոշումներ կատարող է: Ինչպես որ որոշումներն ընդունված են, այնպես էլ ընկերությունը կազմակերպում է»,-ասաց նա: 

Հնարավո՞ր է ընկերությունն առաջարկի քաղաքապետարանին` ներդնել հետվճարային համակարգ, Հարությունյանն ասաց, որ իրենք ոչ էլ առաջակություն ներկայացնող են, ընկերությունը առաջարկ անելու գործը թողնում է քաղաքացիներին, ասում է, ընդունվելու դեպքում, իրենք կկատարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել