Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դեպք խիստ դատապարտելի է, և պետությունն ունի հստակ պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական և այլ տեսակի բռնությունից։ Ավելին, պետք է երաշխավորվի նման դեպքերի պատշաճ և բազմակողմանի քննությունը և պատասխանատվության անխուսափելիությունը:
Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ բռնության այլ դեպքերի հասցեավորմանն ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Ընդ որում` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ կարևոր է հասցեավորել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական և այլ տեսակի բռնության դեպքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02Ne7YxGvhDLAgdTXBmNRTS45aM3UP6Lt1mL8AUYybjKoLXtUWqcXFZ3dVZeL3G9SRl&id=100069268237249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել