Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ախալքալաքի ու Կումուրդոյի թեմի տաճար: Թեմի միտրոպոլիտ Տեր Նիկոլոզը հյուրերի հետ շրջայց է կատարել թեմական թանգարանում և նրանց է ներկայացրել թանգարանի ստեղծման պատմությունը։ 
«Խորհրդարանի բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տեղական մարմնի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներում ընդգծվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով միմյանց աջակցելը: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի հայ բնակչությանը, և մենք մեր կողմից աջակցում ենք Վրաստանի կառավարությանը՝ նախաձեռնած բոլոր գործերում», – ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
 Հաղորդվում է, որ Սամցխե-Ջավախք կատարած աշխատանքային այցի շրջանակներում բարեկամության խմբի անդամները հանդիպել են Ախալցխայի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են վրաց-հայկական համագործակցության ներկա ուղղությունները և կապերի ապագա խորացման կարևորությունը:
«Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հանդիպումը` Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ։  Հանդիպել ենք նաև տարածաշրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։  Կարծում եմ, որ պետք է հատուկ ընդգծել մեկ հանգամանք՝ դա վրացական կողմի շահագրգռվածությունն է Հայաստանի կայունության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի խորը շահագրգռվածությունն ու պրագմատիկ մոտեցումն այն կայունության նկատմամբ, որը մեր երկիրը պահպանել է այս բարդ իրավիճակում։ Հարևանները պետք է լավ իմանան միմյանց խնդիրները։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի խնդրի կարգավորմանը, որը շատ մոտ է վերջնական հանգուցալուծմանը։  Հանդիպմանը քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները», – իր խոսքում նշել է Գեորգի Վոլսկին։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կայացած հանդիպումներին մասնակցել են տարածաշրջանի պետական հանձնակատար Բեսիկ Ամիրանաշվիլին, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել