Հարգելի ընթերցողներ, երաժշտությունը դա այն բնագավառն է, որտեղ ես ասելիք չունեմ, քանզի օժտված չեմ համապատասխան ընդունակություններով: Եվ ես ոչ մի պարագայում չէի անդրադառնա այս թեմային, եթե ինձ դրա մասին չխնդրեր Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի նախկին մանկավարժ, այժմ թոշակառու մի շատ պատկառելի կին: Երբ պատահաբար նրան հանդիպեցի փողոցում, այս կինը կարելի է ասել այլայլված էր, բնականաբար, առաջին հարցս եղավ, թե ինչ է պատահել:
Ձեզ եմ ներկայացնում կնոջ պատմածը.
«Ուղղակի ուժ չունեմ, թե չէ հրապարակավ խայտառակ կանեի Արամ Սաթյանին, ունենք չունենք մի քանի հրաշալի կոմպոզիտոր ունենք, որոնցից մեկին`Ռոբերտ Ամիրխանյանին, նա վերջերս կարելի է ասել ուղղակի հետապնդում է, էլ մամուլի ասուլիսներ է հրավիրում, էլ ելույթներ է ունենում, էլ Ռոբերտ Ամիրխանյանին պախարակող հոդվածներ են դուրս գալիս, այդ էլ բավական չէ, այսօր միացնում եմ Կենտրոն հեռուստաալիքը և ինչ տեսնեմ, Պետրոսի հյուրն է Արամ Սաթյանը: Դու չես պատկերացնում, թե ինչեր ասեց նա այդ տաղանդավոր մարդու հասցեին: Ի՞նչ է ուզում Սաթյանը, ես այդպես էլ չեմ հասկանում, միայն իսկական երաժշտությունից չհասկացողը կարող է իրեն թույլ տալ այդպիսի բաներ ասել Ռոբերտ Ամիրխանյանի հասցեին: Ի՞նչ է նա չի հասկանում, որ մի քանի սերունդ է մեծացել ամիրխանյական երաժշտության ազդեցության տակ, ի՞նչ է նա չի հասկանում, որ Ռոբերտ Ամիրխանյանը այն դասականներից մեկն է, որի անունը հանգիստ կարելի է դնել այնպիսի մարդկանց կողքին, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Խաչատուր Ավետիսյանը և այլոք, ի՞նչ է նա չի հասկանում, որ քար նետելով նրա ուղղությամբ թուլացնում է Հայաստանի մշակույթը, մենք պետք է Աստված կանչենք, որ այս մարդը դեռ երկար տարիներ ապրելով մեզ նորանոր ստեղծագործություններ նվիրի, որոնք կմտնեն երկրի մշակույթային ոսկե ֆոնդի մեջ, այլ ոչ թե խանգարենք նրան: Ով-ով, բայց Սաթյանը, ինքը լինելով երաժիշտ, ինչպես չի հասկանում, որ կան մարդիկ, որոնք ժողովրդի սիրելիներն են, ժողովուրդի համար այսպիսի մարդիկ ստիմուլ են հանդիսանում, նրանք իրենց արվեստով ոգևորում են մարդկանց: Արժի արդյոք սեփական ամբիցիաներից ելնելով պախարակել այսպիսի մարդկանց…»:
Այս կինը այնպես անկեղծ էր խոսում, որ ես ուղղակի չկարողացա չանդրադառնալ այս թեմային: Հասկանալի պատճառով ես չեմ կարող ասել Արամ Սաթյան Ռոբերտ Ամիրխանյան հակամարտության մեջ ով է ճիշտ, ով է սխալ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել` Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, սրանք այն մարդիկ են, որոնց միայն անունը հերիք է որպեսզի մեր ազգը ճանաչելի լինի:
Ի՞նչ մեղքս թաքցնեմ, անձամբ ես, ի տարբերություն Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի անունը առաջին անգամ լսեցի, այն էլ այսօր այդ կնոջ պատասխանից հետո, իսկ ինչ վերաբերվում է Ռոբերտ Ամիրխանյանին, ապա պետք է նշեմ, որ շատ է եղել դեպքեր, երբ ես նյարդայնացած եմ եղել, բայց լսելով նրա որակյալ երաժշտությունը, ժողովրդական լեզվով ասած` ուշքի եմ եկել: Հիրավի, եկեք խնայենք այսպիսի մարդկանց:
Հ.Գ. Այժմ այսքանը իմանալուց հետո, ինձ, որպես սովորական մահկանացուի, առանձնապես հետաքրքրում է, թե ինչն է ստիպում Պրն. Սաթյանին հետևողականորեն արշավել ճանաչված կոմպոզիտորի դեմ, միգուցե սրա տակ քաղաքական ենթատեքստ կա: Եվ անկեղծ ասած, մի բան էլ է ինձ զարմացնում` «Կենտրոն» հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանի` իր բնավորությանը հակառակ պահվածքը, որ այս հաղորդման մեջ նա բավականին համեստ էր իրեն պահում և չէր խանգարում իր զրուցակցին: Արդյոք սա մտորելու տեղիք տալիս է, թե չէ, չգիտեմ: