111Armtimes.com-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված ՀՀ Անկախության օրվան: Որպես մենակատար հրավիրված է Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար Էդուարդ Կունցը, իսկ ծրագրի գլխավոր` առաջին մասում, կհնչի Պյոտր Չայկովսկու թիվ 1 դաշնամուրային կոնցերտը:

ՀՀ պետական ամենանշանակալի օրվա տոնական համերգի այսօրինակ ծրագիրը (պինդ բռնվեք) ռուսների ցանկությամբ է կազմվել: Սեպտեմբերի 21-ի տոնական համերգի գլխավոր հովանավորը` ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն է, որը Հայաստանում զբաղված է թանկարժեք մետաղների, մասնավորապես` ոսկու հանքերի շահագործմամբ: Ինչպես հայկական ամեն մի ռազմավարական օբյեկտ, ռուսական հերթական ընկերությանն են տրվել նաեւ Հանքավանի ոսկու հանքավայրը, Սոթքը, Արարատի ոսկու կորզման հանքը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ինչպես մեզ փոխանցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Արտիստական եւ երգացանկային բաժնից, Ֆիլհարմոնիկ նվագախմբին է դիմել ոմն Ռուզան Գրիգորյան` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից, առաջարկելով հովանավորել սեպտեմբերի 21-ի տոնական համերգը: Բնականաբար, նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ինչպես նաեւ ՀՊՖՆ տնօրինությունը համաձայնել են առաջարկին: Ի դեպ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մշտական հովանավորների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության անունն ընդհանրապես չկա: Այսինքն, այս ընկերության ղեկավարության մոտ ցանկություն է առաջացել հովանավորել հատկապես Հայաստանի Անկախության օրվան նվիրված համերգը: Մի միջոցառում, որ փաստորեն, ՀՀ պետական կառույցները, առանձին օլիգարխներ, բարերարներ այնքան չեն կարեւորել, որպեսզի իրենք հովանավորեին:

Այնպես որ, Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամություն հայտնելուց հետո Հայաստանն իր անկախության առաջին տոնակատարության գլխավոր միջոցառումն անցկացնում է ռուսների փողով եւ ռուսների պատվերով:

Առաջ` դեպի ապահով Մաքսային միություն:  

Եւ այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան վատ չէ: Մեր թղթակցին վերոնշյալ տեղեկատվությունը տրամադրելուց մոտ կես ժամ հետո, ՀՊՖՆ-ից կրկին կապ հաստատեցին հայտնելու, որ համերգին լինելու է անակնկալ: Այն է՝ ռուսաստանցի մենակատարը համերգի սկզբում նվագելու է Հայաստանի պետական օրհներգը, իսկ վերջում` Արամ Խաչատրյանի դաշնամուրային մանրանվագներից մեկը: Միայն վերջում: Միայն մանրանվագ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել