1in.am-ը գրում է.
ԱՄՆ Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքի գաստրոէնտերոլոգները զարմանալի դեպքի են առնչվել. նրանց մի հիվանդ է դիմել, ով առանց ալկոհոլ օգտագործելու հարբել է: Բուժզննման ընթացքում պարզվել է, որ հիվանդը, ինքն էլ այդ մասին չիմանալով, քայլող գարեջրի «գործարան» է հանդիսանում:
NPR կայքի տվյալներով՝ Լաբոկ քաղաքի շտապօգնությունը կանչ է ընդունել 61-ամյա տղամարդուց: Դեպքի վայր ժամանելով՝ բուժաշխատողները միանգամից ստուգել են՝ արդյո՞ք հիվանդը ալկոհոլ օգտագործել է:
Զնման արդյունքում պարզվել է, որ տղամարդու արյան մեջ ալկոհոլի քանակը հինգ անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: Ի պատասխան դրան՝ հիվանդը հայտնել է, որ ոչ մի գրամ ալկոհոլ չի օգտագործել:
Բժիշկները փորձել են պարզել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Այդ նպատակով հիվանդին առաջարկելով հիվանդանոց տեղափոխվել և ստուգելով նրա անձնական իրերը՝ նրանք համոզվել են, որ տղամարդու մոտ ալկոհոլային խմիչքներ չկան:
Ամբողջ օրվա ընթացքում հիվանդն ածխաջրերով հարուստ սնունդ է ընդունել, իսկ որոշ ժամանակ անց բժիշկները նրա արյան մեջ ավելացող քանակությամբ ալկոհոլ են գրանցել:
Վերջապես պարզվել է, որ տղամարդու աղիքներում առկա է գարեջրի խմորիչի ավելորդ քանակություն, որն էլ նրա հարբածության պատճառն է հանդիսանում, բացատրել է Դյուկի համալսարանից միկրոկենսաբան Ժոզեֆ Հեյթմենը:
Այս դեպքի մանրամասները հրապարակվել են Journal of Clinical Medicine ամսագրում: