Doctors.am-ը գրում է.
Ահա փորձառու ծնողների մի քանի խորհուրդ, որ կօգնեն ձեզ և ձեր երեխային լավ նախապատրաստվել դպրոցին.
- Երեխայի դպրոցամուտը մեծ իրադարձություն է ամբողջ ընտանիքի կյանքում։ Պատրաստվե՛ք դրան։ Այդ նպատակով դպրոցի մասին գրքեր կարդացեք, զրույց սկսեք այն մասին, թե ինչ եք սպասում դպրոցից, տանը դպրոց-դպրոց խաղացեք, մտածեք այնպիսի բաներ, որոնք կօգնեն որևէ կերպ նշանավորել ձեր ընտանիքի բոլոր անդամների համար կարևոր այդ օրը։
- Ամեն երեկո ստուգեք երեխայի դպրոցական պայուսակը։ Այսպիսով կարող եք հայտնաբերել որոշ նշումներ կամ գրություններ, որոնց մասին երեխան մոռացել է ձեզ ասել։ Պայուսակում կարող եք գտնել նաև արդեն փչացող նախաճաշի մնացորդներ։
- Եթե երեխան կանոնավորապես կամ հիվանդության դեպքում որևէ կոնկրետ դեղորայք է ընդունում, այդ մասին տեղյակ պահեք ուսուցչին և դպրոցի բուժքրոջը։
- Երկտողով հայտնեք ուսուցչին այն ամենը, ինչ կուզենայիք, որ նա իմանար ձեր երեխայի մասին (ընտանիքում նոր երեխայի ծնունդ, ուշ քնելու դեպքեր, հիվանդություն կամ որևէ այլ բան, որ կարող է ազդել երեխայի դասերի վրա)։
- Թույլ մի՛ տվեք, որ պրոբլեմները խորանան։ Քննարկե՛ք դրանք ուսուցչի հետ։ Վաղօրոք քննարկումները կարող են կանխել լուրջ պրոբլեմների առաջացումը։
- Ծնող-ուսուցիչ հանդիպումները, ծնողական ժողովները կարևոր են։ Դրանք սովորաբար շատ կարճ են տևում, այնպես որ վաղօրոք մտածեք ձեր հարցերի և ձեզ մտահոգող խնդիրների շուրջ։ Եթե որևէ հարց կարիք ունի ավելի երկար քննարկման, ժողովից հետո ուսուցչի հետ պայմանավորվեք մեկ այլ՝ լրացուցիչ, հանդիպման մասին։
- Եթե վատ հուշեր ունեք սեփական դպրոցական կյանքից, աշխատեք դրանք չփոխանցել երեխային։ Պարզապես օգնեք, որ նրա դպրոցական կյանքն ավելի լավը լինի, քան ձերը։
- Ցուցադրեք երեխայի դպրոցական աշխատանքները։ Այդ նպատակի համար սառնարանը շատ հարմար է, կամ էլ կարելի է կախել դրանք տան մեջ՝ լվացքի ամրակներով ամրացնելով մի թելի վրա։ Երեխան իրեն շատ լավ կզգա, երբ տեսնի, որ դուք հպարտանում եք իր աշխատանքով։
- Երեխային շուտ սովորեցրեք կազմակերպված լինել։ Սովորաբար երեխաները տուն են բերում ամենատարբեր թղթերի կույտեր, նկարչական պարագաներ, տարբեր աշխատանքների պատառիկներ, առանձին սարքերի մասեր և այլն։ Ինչ-որ ձև գտեք՝ որոշելու, թե այդ ամենից ինչը պետք է պահել և ինչպես։
- Մասնակցե՛ք դպրոցական միջոցառումներին, որոնց մեջ ընդգրկված է ձեր երեխան։ Հարևաններին և բարեկամներին նույնպես քաջալերեք այցելելու։ Նստեք այնպիսի տեղում, որ երեխան ձեզ տեսնի։ Դահլիճում ծանոթ դեմքերը բարձրացնում են երեխայի սեփական արժանապատվության զգացումը։
- Ճանաչեք երեխայի ընկերներին և նրանց ծնողներին։ Սա որոշ չափով կօգնի հասկանալու սեփական երեխային։ Դա ձեզ կօգնի նաև ընկերներ ձեռք բերել դպրոցում։ Նույն փորձառությամբ անցնող ընկերները կարող են օգնել միմյանց։
- Տեղեկացե՛ք դպրոցի քաղաքականությանը՝ ուսման մեջ հետ մնալու, բացակայության, կարգապահության, հագուստի, վարքագծի և այլ խնդիրների շուրջ։ Համոզվեք, որ հասկանում եք դրանք, և բացատրե՛ք ձեր երեխային։ Օգնե՛ք նրան հետևել այդ պահանջներին։
- Համբերատար եղեք ձեր երեխայի, նրա ուսուցչի և դպրոցի նկատմամբ։
- Կամավորական հիմունքներով մասնակցեք դպրոցի կյանքին։ Երեխաների հետ գնացեք էքսկուրսիաների, դասարանում օգնեք աշակերտներին, նախապատրաստական աշխատանքներում աջակցեք ուսուցչին, օգնեք նրան, ինչով որ կարող եք։ Ինչքան ավելի շատ բան անեք դպրոցի համար, այնքան ավելի շատ բան կիմանաք դպրոցի մասին։
- Եղե՛ք ձեր երեխայի շահերի պաշտպանը։ Իհարկե, դպրոցի մասնագետները շատ բան գիտեն, բայց ոչ ոք ձեզանից լավ չգիտի ձեր երեխային։ Պայքարե՛ք ձեր երեխայի համար։ Ուղիներ գտե՛ք, որ դպրոցը հաջողված լինի երեխայի, ձեր և հենց ինքն իր համար։
Դպրոցամուտը մեծ քայլ է երեխայի համար։ Դուք կարող եք սատարել նրան պատրաստ լինել մյուսների հետ սովորելու արկածին։ Օգնե՛ք երեխային լավ սկսելու իր դպրոցական կյանքն ու ուսումնառությունը՝ նրա մեջ սերմանելով այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են դպրոցում հաջողության հասնելու համար։ Իսկ երբ երեխան հաճախի դպրոց, ներգրավվե՛ք նրա կրթության մեջ։ Հիշե՛ք, դուք, ձեր երեխան և դպրոցը միասին եք այս գործում, այնպես որ դպրոցը հետաքրքիր փորձառություն է ձեր երեխայի համար։