1in.am-ը գրում է.
Լիվերպուլի քաղաքապետ Ջոն Անդերսոնը հայտարարել է, որ խցանումների դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները քննարկում են հասարակական տրանսպորտի համար նախատեսված գծերի աշխատանքի ժամանակավոր դադարեցման առաջարկը, հաղորդում է BBC News-ը:
Քաղաքապետի առաջարկը քվեարկության կդրվի քաղաքապետարանի խորհրդում, և եթե որոշումը դրական լինի, փորձարկումը կտևի ինն ամիս: Իշխանությունները կուսումնասիրեն, թե հասարակական տրանսպորտի համար հատկացված գծերը հանելն ինչ ազդեցություն է ունենում երթևեկության վրա: Ինն ամիս անց իշխանությունները վերջնական որոշում կկայացնեն՝ չեղյա՞լ հայտարարել, թե՞ թողնել հատկացված գծերը:
Քաղաքապետն ընդգծել է, որ իր կարծիքով՝ հատկացված գծերը բացասական ազդեցություն են թողնում քաղաքի տրանսպորտային իրավիճակի վրա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ քաղաքի բյուջեն կկորցնի շուրջ 700 հազար ֆունտ սթեռլինգ:
Լիվերպուլում գոյություն ունի հասարակական տրանսպորտի 24 գիծ՝ նախատեսված ավտոբուսների, տաքսիների և հեծանվորդների համար: Որոշակի ժամերին մյուս տրանսպորտային միջոցներին արգելվում է երթևեկել այդ գծերով: Խախտման համար տուգանքը կազմում է 30 ֆունտ: