Lurer.com-ը գրում է.
Մեքսիկայում աղետից տուժած քաղաքների փողոցներում հայտնվել են կոկորդիլոսներ և կողոպտիչներ:
Ինչպես հայտնում են մեքսիկական ԶԼՄ-ները, այս օրերին կտրուկ աճել է հանցագործությունների թիվը. կողոպտիչները հարձակում են գործում բնակիչների թողած տների վրա: Բացի այդ, ինչպես հայտնում է BBC News-ը, տուժած քաղաքների փողոցներում հայտնվել են կոկորդիլոսներ:
Հիշեցնենք, որ «Ինգրիդ» և «Մանուել» հուժկու արևադարձային փոթորիկները միանգամից երկու կողմից շրջապատել են Մեքսիկայի ափերը. գրում է pravda.ru-ն: Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից վրա հասած տարերքից մահացածների թիվը հասել է 80-ի:
Փրկարարների տվյալներով` փոթորիկներից վնաս են կրել արդեն մոտ 1,2 միլիոն մարդ:
Ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել Ակապուլկո առողջարանային քաղաքը. երկուշաբթի օրն այնտեղ այցելել էր երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
Մեքսիկական նահանգներում Մեքսիկայի նախարարների գլխավորությամբ կազմվել են արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, որոնք ղեկավարում են փրկարարական և վերականգնողական աշխատանքները:
Այդպիսի հուժկու փոթորիկներ և մասշտաբային ավերածություններ վերջին անգամ երկրում եղել են 1958-ին: