1in.am-ը գրում է.
Ս.թ. սեպտեմբերի 16-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 17-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Մովսիսյանը: Նախարարն անդրադարձել է ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես, ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման բարձրացմանը և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ երկրների պատվիրակությունների հետ: