Shamshyan.com-ը գրում է.
Այսօր Սյունիքում զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով զոհվել են վարորդ Ա․ Մնացականյանն ու ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը։
Մյուս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։
Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։