Կենտրոն և Ն-Մ. դատարանը Կոմայգու երկու արվամոլի դատապարտել է 300000-ական դրամ տուգանքի սուտ մատնության հոդվածով (Ժամանակ): Այստեղ կարևոր չէ, թե ում են դատել, այլ ինչ հիմքով են դատել: Ըստ դատվածների՝ իրենց է մոտեցել մի մեքենա, մի քանի երիտասարդ են դուրս եկել, ծեծել իրենց, հափշտակել դրամապանակի 200 դոլարը և իմանալով, որ ծեծվողները ոստիկանություն են կանչել՝ փորձել են փախչել, սակայն չեն կարողացել՝ մեքենան խափանվել է, և իրենք բերման ենթարկվել: Իսկ ծեծողներն ասել են, որ նման բան չի եղել, որ իրենց մեքենան այդտեղ խափանվել է, և արվամոլներն էլ չգիտես ինչու ոստիկանություն են զանգել և պահանջել են, որ իրենց բերման ենթարկեն: Մեր դատարանն էլ բնականաբար հալած յուղի տեղ է ընդունել 2-րդ կողմի ցուցմունքները՝ առանց խորանալու տրամաբանության մեջ: Ինձ միայն երկու հարց է հետաքրքրում՝ եթե որևէ մեկը ինքնուրույն որոշում է կարգ հաստատել մեր ազգի «բարոյական դաշտում», ապա պետք է «ընդունի» նաև պատասխանատվության պահը: Միաժամանակ, եթե դատավորը որոշել է հետևել նույն վարքագծին, ապա նա պետք է հիշի, որ առողջ տրամաբանության հեր անիծելով և օրենքից դուրս գործելով, նա ընդամենը մեր երկրի առջև խնդիրներ է հարուցելու, որի լուծումն արդեն ինքը չի տալու: Եվ եթե այդ երկու կողմը իրենց կարծիքով «բարի նպատակ» են հետապնդում, ապա օրենք խախտելով նրանք ավելի մեծ վնաս են հասցնում այդ նպատակին, քան իրենց զոհերը իրենց գոյությամբ:



