Tert.amLife-ը գրում է
«Երբ ավարտեցի դպրոցը մայրս ինձ տանում էր մաթեմատիկա, անգլերեն, հայերեն խորացված պարապմունքների, ուզում էր, որ ընդունվեմ Տնտեսագիտական համալսարան: Ես տառապելով գնում էի, բայց հասկանում էի, որ իմը չէ: Կյանքում ամենակարևորն է, եթե ընտրում ես մասնագիտություն, պետք է սիրես այն, զոռով ոչինչ չի լինում: Հասկացա, որ սա է իմ ճանապարհը: Գնացի Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտ, ու շատ գոհ եմ իմ ընտրությունից: Այսօր, երբ երեխան ուզում է արվեստի որևէ ճյուղ ընտրել, ծնողներն ասում են՝ պետք չէ, գումար չկա դրա մեջ: Մտածում է, որ իր երեխան վաղը կարողանա գումար վաստակել, բայց, եթե քոնը չէ, չես սիրում, չես կարողանալու: Ես իմ երեխային չեմ ստիպի անել այն, ինչ չի սիրում»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Էմիլ Գալստյանը: Նա նշել է, որ այն ժամանակ, երբ ինքն էր սովորում ինստիտուտում, մրցակցություն կար, և դա շատ լավ էր:
«Հիմա մտնում եմ ինստիտուտ, բոլորը ինչ-որ Տիկ-տոկ, միկ-տոկեր, շեղված վիճակ է՝ «ես էլ գնամ, հայտնի դառնամ»: Ուսանողների նպատակը դարձել է ուրիշ բան: Զարմանում եմ, եկել, ընդունվել ես Թատերական ինստիտուտ ու քո միակ նպատակը հայտնի դառնա՞լն է: Բայց դա լուրջ մասնագիտություն է»,- նշել է դերասանը:
2009թ-ին, երբ սկսեց նկարահանվել «Բանակում» սերիալում, նա սովորում էր 1-ին կուրսում: Համբարձումի կերպարը հայտնիություն բերեց դերասանին, նա խոստովանում է, որ կերպարի հետ որոշ նմանություններ ունի:
«Մինչև այսօր մարդիկ հաճույքով նայում են այդ սերիալը, որովհետև այն ժամանակ ամեն ինչ ուրիշ կերպ էր: Բոլորը դերասաններ էին, պորֆեսիոնալիզմ կար, թիմային աշխատանքը երևում է: Իսկ այսօր ի՞նչ են անում, դնում են 2 հատ տեսախցիկ, մեկը այս կողմում, մյուսը՝ այն, էժանագին հումորներով՝ հա-հա, հի-հի: Նայում ես ու չգիտես՝ լացե՞ս, թե՞ ծիծաղես: Բլոգերներ ու տիկտոկերներ են, դերասաններ չկան: Այսօր ոչ մի բան իր տեղում չէ ու շատ վատ է»,- ասում է դերասանը:
Էմիլ Գալստյանն առողջական խնդիրների պատճառով չի ծառայել բանակում, բայց նրա խոսքով՝ շուրջ 5 տարի նկարահանվելով «Բանակում» հեռուստասերիալում՝ զինվորի դերում, կարծես իրականում բանակում լիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: