1in.am-ը գրում է.
Ողնաշարի ախտահարումը հայ ժողովրդի մոտ տարածված խնդիր է: Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը նշեց, որ այդ ախտահարումները բերում են հաշմանդամության, մարդիկ չեն կարողանում շարժվել:
«Աշխարհում ամեն հինգերորդ մարդը հիվանդ է, ողնաշարի խնդիր ունի, բոլոր մարդիկ գոնե մեկ անգամ դիմում են բժշկի: Հայաստանում այս հարցն ավելի ցավոտ է, քանի որ ողնաշարի ախտահարում ունեն հիմնականում երիտասարդ տարիքի, աշխատունակ անձինք՝ 25-50 տարեկանները: Ես 1998-2008 թթ. կատարել եմ ողնաշարի ախտահարման հետ կապված 897 վիրահատություն, 2008-2013 թթ.` 909, այսինքն՝ կրկնապատկվել է միայն վիրահատության դիմած հիվանդների թիվը, իսկ որքան են դեպքերը, երբ դիմում են հեքիմների, չեն գալիս բուժման»,- ասաց նա:
Եղունյանը կարծում է, որ մեր բնակչությունը պիտի լավ պատկերացնի հարցի լրջությունը, դիմի բուժկենտրոններ՝ գոնե հիվանդության առաջընթացը կանխարգելելու համար: Հայաստանում հիվանդության առաջացման պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական վիճակից, ապրելակերպից, ճիշտ չսնվելուց սկսած մինչև սպորտով չզբաղվելը, մշտապես համակարգչով աշխատելը, նաև մանուկ հասակից ճիշտ չնստելը: Խնդիրներ առաջացնում է հիմնականում ոչ տեղական, ներմուծված սնունդը, որում կասկածելի բաղադրիչներ կան, առաջ են գալիս նյութափոխանակության խանգարումներ, որ օրգանիզմի շուտ ծերացման են հանգեցնում:
Այս խնդիրներն արտաքինից նկատելի են, երբ առաջանում են կոպիտ փոփոխություններ՝ թեքվածություն, կորություն կամ կուզ: «Հիմա մեզ շատ են դիմում երեխաներ, այն էլ՝ աղջիկներ, ովքեր երկար ժամանակ թաքցրել են խնդիրը, հետագայում, երբ արդեն առաջացել է կոսմետիկ դեֆեկտ, օրինակ՝ ոտքերի տարբերություն՝ մի ոտքը մյուսից երկար է, միայն այդ ժամանակ են դիմում: Երեխաներին պետք է պարբերաբար հետազոտել, սակայն այստեղ նաև ընտանեկան ուշադրության կարիք կա. ընտանիքի անդամները կարող են նկատել այդ խնդիրները»,- ասաց նա:
Խնդրի արձանագրումից հետո կա ընթացակարգ. ըստ գանգատների որոշվում է պլանային հետազոտության կարգը, որի մեջ նախ մտնում է ռենտգեն հետազոտումը, ապա ավելի լուրջ՝ տոմոգրաֆիական և այլ հետազոտություններ:
Հայաստանում, այլ երկրների համեմատ, ողնաշարային խնդիրների լուծումը բավական մատչելի է, իսկ վիրահատությունները որակով չեն զիջում արտերկրում կատարվողներին: Նեյրովիրաբույժը զգուշացնում է՝ աշակերտական ծանր պայուսակներն էլ ունեն իրենց ազդեցությունը: Թեև հետազոտություն չի կատարվել՝ որն է դրանց թույլատրելի քաշը, սակայն երեխայի օրգանիզմը շատ ճկուն է և հեշտ վնասվող, ուստի պայուսակը ծանրաբեռնել չի կարելի:
Եղունյանը սխալ է համարում մանուալ թերապիայի, մերսումների դիմելը՝ հիվանդության անուն-ազգանուն-հայրանունը, ախտորոշումը չիմանալով: Նրա խոսքով՝ մերսումը միայն մկանային ձգվածության խնդիրն է լուծում: Նեյրովիրաբույժը խորհուրդ է տալիս շատ շարժվել, շատ քայլել, կոշիկի ճիշտ ընտրություն կատարել. այն պետք է լինի հարմարավետ, ոչ շատ բարձր, ոչ էլ ցածր: