1in.am-ը գրում է.
Mashroom բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Հայաստանում նորաձևության միտումներին: Նա նշեց, որ վերջին հինգ տարիներին երիտասարդները սկսել են հետևել նորաձևությանը, ինչը կապված է նաև ինտերնետի հասանելիության հետ:
«Կա Mass Fashion, որտեղ հագուստը միջին նորաձև է և մատչելի: Մեր երիտասարդներից շատերը օգտվում են այդ խանութներից»,- ասաց նա:
Նրա մեկնաբանությամբ՝ այժմ նորաձևությունը մինիմալիզմի ուղով է գնում. հագուստը պետք է լինի շատ պարզ, միատոն, համահունչ գույներով, ինչին պետք է լրացնեն խոշոր աքսեսուարները:
Խոսելով տղաների հագուստի մասին՝ բանախոսն ասաց, որ Հայաստանում տղաների միատոն սև գույնը աստիճանաբար փոխվում է. կա տղաների մի զանգված, ովքեր փորձում են նորաձևությանը համահունչ ապրել:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ բանախոսն ասաց, որ մարզերում ևս նորաձևությունը զարգանում է՝ Երևանում սովորող ուսանողների միջոցով. «Մարզերի երիտասարդներից շատերը Երևանում են սովորում, իսկ մեր ազգը ունի միտում՝ լավը շատ շուտ ընկալելու: Այդ երիտասարդները հետագայում վերադառնալով՝ նորաձևությունը իրենց հետ տանում են մարզեր»:
Նա անընդունելի է համարում երիտասարդների շրջանում տարածված «բրենդամոլությունը», քանի որ հաճախ նույն ուսանողները դասի են ներկայանում այն տեսքով, ինչով Եվրոպայում գիշերային ակումբներ են հաճախում. «Շատ տխուր է, երբ մարդը միայն նորաձևությամբ է ապրում, պետք է նորաձևությունը ընդգծի սեփական ես-ը, ոչ թե հակառակը»: