Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններին, որով կկարգավորվեն չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների օգտագործումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ սարքավորումներն օգտագործվում են նաև անչափահասների կողմից։ Ներկայումս որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական տեղաշարժման այս միջոցների երթևեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում։

Օրենքի նախագծով սահմնվում է՝

  1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից ինքնագլորների միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է,

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4)երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. ինքնագլորը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտեր), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

  1. Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։

3.Մինչև 18 տարեկան անձանց կողմից ինքնագլորներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։

  1. Ինքնագլորի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։

5.Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման)միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։

  1. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար ինքնագլորներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտներիշարժին, ապա անհատական շարժունակության (տեղաշարժման)միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։
  2. Արգելվում է ինքնագլորով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի),

8.Արգելվում է մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի ինքնագլորների  օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով,

  1. Արգելվում է ղեկ ունեցող ինքնագլորն օգտագործել առանց ղեկը բռնելու,
  2. Արգելվում է ինքնագլորն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով,

11.Արգելվում է ինքնագլորների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,

  1. Արգելվում է օդերևութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող մակերևույթով՝ ինքնագլորների՝ երթևեկության համար թույլատրված վայրերում շահագործումը,

13.Արգելվում է ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից ինքնագլորն օգտագործելն առանց հեծանվորդների համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով,

14.Արգելվում է ինքնագլորի, ինչպես նաև անհատական  շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը,

15.Արգելվում է ինքնագլորը վարել համայնքի ավագանու կողմից արգելված վայրերում և թունելներում։

Նախագծով սահմանվել է, որ ինքնագլորները կազմակերպությունների (անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու դեպքում։

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է․

ինքնագլորների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն  առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,

ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից ինքնագլորն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,

ինքնագլորները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) և ֆիզիկական անձանց կողմից  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար՝ տուգանքի նշանակում` կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

ինքնագլորով ուղևոր կամ բեռտեղափոխելու համար՝ տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

ինքնագլոր կամ ինքնագլորներ տեղափոխելու համար՝ տուգանքի նշանակում` կազմակերպությունների(անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել