Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել բացման խոսքով.
«Ուրախ եմ ողջունել ԱՄՆ քաղաքապետերի այս ներկայանալի պատվիրակությանը Հայաստանում: Ձեզանից ոմանց առիթ ունեցա հանդիպելու մայիսին Կալիֆորնիա կատարած այցիս ընթացքում:
Այս այցը, լինելով իր ձևաչափով աննախադեպ, հատկապես նշանակալի է, որ տեղի է ունենում Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի այս ժամանակահատվածում:
Օրեր առաջ մենք հյուրընկալեցինք Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:Եզրափակիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծել գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության:
Դրական է գնահատվել Հայաստանի համագործակցությունը ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի ուղղությամբ և նշվել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները:
Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս ապակենտրոնացված համագործակցությանը և կարևորում համագործակցության հետագա խորացումը:
Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրի հավասարաչափ զարգացմանը, և այս առումով տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարման բարձրացումը հանդիսանում է գերակա նպատակներից մեկը: Միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կարող է դրական ազդակ լինել նշյալ նպատակների իրականացման համար:
Մեր երկրներին միավորող առանձնահատուկ գործոն են բարեկամական կապերը երկու ժողովուրդների և հասարակությունների միջև: Ակտիվ և բազմաշերտ մարդկային շփումները խորապես նպաստում են համագործակցային մթնոլորտի զարգացմանը: Այս առումով անգնահատելի է ԱՄՆ-ում հայ համայնքի կամրջող դերը:
Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապակենտրոնացված համագործությունը զարգանում է ակտիվ տեմպերով:
Համոզված եմ, որ այս այցը մեծապես կնպաստի հաստատված գործակցության աշխուժացմանը, ինչպես նաև կմատնանշի համագործակցության նոր ուղղություններ:
Կցանկանայի հիշատակել Հայաստանի կառավարության և Կալիֆորնիա նահանգի միջև 2019թ. ստորագրված շրջանակային համաձայնագիրը, որով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Այս համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը վերահաստատվեց Կալիֆորնիայի նահանգապետ պարոն Նյուսոմի կողմից՝ մայիսի սկզբին Սակրամենտոյում կայացած մեր հանդիպման ժամանակ:
Մենք հետաքրքրված ենք նպաստել Սյունիքի և Կալիֆորնիայի, Երևանի և Լոս Անջելեսի, Գյումրիի և Գլենդելի, Կապանի և Գլենդելի, Վանաձորի և Փասադենայի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Ողջունելի և խրախուսելի է նաև Տավուշի և Միչիգանի, Արմավիրի և Սկրանտոնի, Ստեփանավանի և Հելենայի միջև հարաբերությունների հաստատման գաղափարը և ես ամենայն հաջողություն եմ մաղթում այս նախաձեռնությանը:
Ապակենտրոնացված համագործակցության այս ձևաչափերում կարևորում ենք քաղաքային և նահանգային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը շարունակական աջակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը:
Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտին հատկացվող հատուկ ուշադրությունը և արձանագրված առաջընթացը մեծապես կարևորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը և խորացումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկկողմ օրակարգն առավել հագեցած և համապարփակ դարձնելու համար: Այս առումով գնահատելի է, որ մեր գործընկերները վաղը այց են կատարելու Գյումրի, որտեղ առիթ կունենան նաև տեղում ծանոթանալ այդ ոլորտներում առկա հնարավորություններին:
Տիկնայք և պարոնայք,
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երևանում և հաջողություններ մաղթում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում քույր նահանգների և քույր քաղաքների միջև համագործակցությունն ամրապնդելու ձեր ջանքերին»:
Համաժողովի ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել ԱՄՆ Հելենա և Սքրոնթոն ու Ստեփանավան և Արմավիր քաղաքների, ինչպես նաև Տավուշի մարզի և Միչիգան նահանգի միջև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել