Վերջապես պառկած ես, փորձում ես քնել, մեկ էլ աղջիկդ արթնանում ա ու բոլոր հնարավոր ձևերով հասկացնում, որ միայն քո ծոցը գալու ժամանակ կլռի։ Լավ, մտածում ես, վերցնեմ համ ես քնեմ, համ ինքը։ Միակ դիրքը, որ նրան դուր ա գալիս, դա իր ողջ ծանրությամբ փորիդ վրա պառկելն ա, իսկ դու առանց նրա էլ տառապում ես փորացավից, որովհետև արդեն հղիությանդ չորրորդ ամիսն ա, իսկ դու դեռ ոչ ոքի չես ասել։ Լռում ես մի կերպ դիմանում, ըհը, ոնց որ թե քնեց, ես էլ փորձեմ քնել։ Ու այդ պահին աղջիկդ շատ արագ նստում է՝ ստուգում է, թե որտեղ է, համոզվելով որ մամայի փորի վրա է իր ողջ ծանրությամբ նորից պառկում է քեզ վրա, բայց քանի որ նա դեռ երկրաչափական հաշվարկներ անել չգիտի, մի քիչ վերև է պառկում և իր գլխի ողջ ծանրությամբ հարվածում է շրթունքիդ։ Աչքերից կայծեր են թռնում, երկու ատամ ինքնաբերաբար հայտնվում են ներքևի շրթունքի մեջ, ցավից ուզում ես գոռալ, իսկ մեղավորին պատին խփել, բայց լռում ես, ավելի լավ ա ձենս կտրած պառկեմ քնի, ես էլ մի քիչ հետո կքնեմ։ Պառկած զգում ես շրթունքից հոսող արյան համը, հոգնածությունը ավելի շատ է և դու քնում ես։ Իսկ երազում վազում ես և փորձում ես ազատվել քեզ տանջող փորացավից, բայց չի ստացվում։ Արթնանում ես մյուս երեխայիդ շուռումուռի ձայնից, էլի տեղը չի գտնում, որ չմոտենաս, կարթնանա։ Կողքի ես դնում փոքրին /կամ շուտով միջնեկին/ և գնում ես մեծին հանգստացնելու։ Մինչ դու նրա հետ ես զբաղված, մյուսը արթնանում ա, բայց արդեն ժամը չորսն ա, իսկ դու դեռ չես քնել, ուժերդ չես հավաքել․․․․