Hraparak.am-ը գրում է․

Russian Field-ի կողմից իրականացված սոցհարցումը ցույց է տալիս, որ ռուս-ուկրաինական պատերազմը զգալիորեն ազդել է Ռուսաստանում ապրողների առնվազն կեսի առօրյա կյանքի եւ կենցաղի վրա։ Սակայն մյուս կեսը վկայել է, որ նման ազդեցություն սկզբունքորեն չի զգում։ Սա, ըստ մասնագետների, խոսում է ոչ այնքան հասարակության բեւեռացման, որքան ազդեցության բազմաթիվ ուղղությունների մասին, որն ունենում է ռուսական իրականության գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունը ռուսաստանցիների առօրյա կյանքի եւ կենցաղի վրա։

BRIEF-ի անցկացրած սոցհարցումը ցույց է տալիս, որ ռուսների 50 տոկոսը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական պատերազմն իր վրա ազդել է, 49 տոկոսը հայտարարել է, որ նման ազդեցություն իր վրա չկա։ Ընդ որում, 32,5 տոկոսը հայտարարել է, որ պատերազմն ազդել է իր եկամուտների վրա, փոխել իր կենսամակարդակը։ 26,9 տոկոսի մոտ ռուս-ուկրաինական պատերազմն ազդել է էմոցիոնալ եւ մենթալ առողջության վրա։ Լայն առումով անկայունության մասին խոսել է հարցվածների 7,6 տոկոսը, գործազրկության մասին՝ 9,4 տոկոսը։ 10,5 տոկոսի կարծիքով՝ պատերազմն ազդել է նաեւ իր ընտանիքի անդամների եւ ընկերների վրա։ Հարցվածների 3,1 տոկոսը հայտարարել է, որ պատերազմն ազդեցություն է ունեցել իրենց՝ իշխանությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ Խոսքը, ընդ որում, այս դեպքում պետական բարձրագույն իշխանության մասին է։

Մասնագետները նկատում են նաեւ, որ ռուս-ուկրաինական պատերազմը սկզբնական փուլում ռուսաստանյան հասարակությունում հայրենասիրական վերելք ապահովեց։ Այդ համատեքստում զգալիորեն աճեց նաեւ իշխանությունների հանդեպ վստահությունը, եւ դա արդեն երկու տարի իշխանությունները կարողանում են պահպանել։ Մյուս կողմից, մասնագետներն արձանագրում են, որ այն խմբում, որոնք պատասխանել են, որ պատերազմն իրենց կյանքի եւ առօրյայի վրա չի ազդել, բավական զգալի թիվ են կազմում թոշակառուները, ապա գալիս են մեգապոլիսների եւ Մոսկվայի բնակիչները։

Շատ երեւույթներ, որոնք նկատվեցին պատերազմի սկզբում, ինչպես ռելոկանտների ալիքն էր, կարծես թե մարել է։ Շատ ռելոկանտներ էլ հետ են վերադարձել։ Ընդ որում, գործընթացը շարունակական է։ Հանրային կարծիքի ուսումնասիրության հիմնադրամի սոցհարցումներն էլ արձանագրել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր այն հանդիսանում է ՌԴ ամենակարեւոր իրադարձությունը։ Միայն կրոկուսյան ահաբեկչությունը մի փոքր կարողացավ ստվերել վերջինիս, ինչպես նաեւ 22-ի սեպտեմբերին իրականացված մասնակի ռազմական հավաքագրման գործընթացը։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ թեեւ պատերազմն ամենակարեւոր իրադարձությունն է, սակայն ռուսաստանցիների կեսից ավելիի համար կյանքի սովորական դրվածքում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Նույնիսկ սպառողական շուկայում արձանագրված փոփոխությունները մեծ մասամբ արդեն կայունացել են, եւ ռուսական շուկայից հեռացած ընկերություններին փոխարինելու են եկել նորերը։ Այս ամենը նկատի ունենալով, սոցիոլոգներն արձանագրում են, որ հասարակության կայունությունը հենց դրանով է ապահովվում, եւ դա նաեւ վկայում է, որ հասարակությունը, ընդհանուր առմամբ, պատրաստ չէ ապրել արտակարգ պայմաններում։ Հետեւաբար նաեւ, ասենք, համընդհանուր հավաքագրման մասին խոսակցությունները, որպես այդպիսին, ռուսական հանրային-քաղաքական ընկալումներում ակտուալ չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել