1in.am-ը գրում է.

Իրանում 11 քաղբանտարկյալներ ազատ են արձակվել: Նրանցից 8-ը կանայք են, այդ թվում՝ փաստաբան Նասրին Սոտուդեն, ով դատարանում ներկայացրել է ընդդիմադիր ակտիվիստների շահերը 2009-ի նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն: Սոտուդեն ձերբակալվել էր 2010-ին և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգությունը խարխլող գործողությունների համար:

Ազատ արձակվածների շարքում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Մոհսեն Ամինզադեն:

Քաղբանտարկյալներն ազատ են արձակվել Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի՝ Նյու Յորք այցելությունից մի քանի օր առաջ:

Իր նախընտրական արշավի ժամանակ Ռուհանին խոստացել էր ազատ արձակել բոլոր իրանցի քաղբանտարկյալներին:

Քաղբանտարկյալների ազատ արձակման մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Հայտարարությունն արել է Սոտուդեի ամուսինը, ով անակնկալի է եկել, երբ չորեքշաբթի երեկոյան կնոջը տուն են բերել:

Նշենք, որ Ամինզադեն նախագահ Մուհամմադ Խաթամիի կառավարությունում զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը: Նա 2010-ին ազատազրկվել էր ցույցերի կազմակերպման և հակակառավարական քարոզչության համար: 2009-ին նա աջակցում էր Հուսեյն Մուսավիի թեկնածությանը: 

Guardian-ի տվյալներով՝ Իրանում այժմ մոտ 800 քաղբանտարկյալ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել