Եթե փորձենք վերլուծել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերջին շաբաթների ընթացքը, կնկատենք, որ այն անցնում է գերատեսչություններով, պահանջներ ներկայացնելով, հնարավորություն տալիս դրանց ղեկավարներին՝ անելու իրենց քայլը։ Շարժումը պատրաստվում է շրջել Հայաստանի մարզերով, եւ, դատելով Բագրատ սրբազանի խոսքից, նպատակը շարժման համահայաստանյան բնույթը ցույց տալն է։ Մեծ հանրահավաքը եւս անխուսափելի է ու «լինելու է դեպի հաղթանակ տանող կարեւոր հանգրվան»։ Չի բացառվում, որ այդ հանգրվանը լինի խորհրդարանը՝ նախ այն պատճառով, որ Սահմանադրությունն առաջնային մանդատ ունեցող ԱԺ-ին է հնարավորություն տալիս պատգամավորների 1/3-ով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Ու թեեւ այս պահին ընդդիմադիր 2 խմբակցությունների ձայները բավարար չեն, բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա՝ երբեք։

Նիկոլ Փաշինյանը, որ ինքն է փողոցով եկել, վստահաբար, սա հասկանում ու դրա համար էլ լարվում է, եւ դա դրսեւորվում է շարժումը բիրտ ուժով ճնշելու, մարդկանց քրեական գործիքակազմով վախեցնելու հուսահատ փորձերի մեջ, ինչը հատկապես տեսանելի էր ԱԳՆ շենքի մոտ: Նաեւ Փաշինյանի՝ հանրության մեջ երեւալու փորձերի մեջ՝ ցույց տալու համար, թե իբր ոչինչ չի կատարվում երկրում, չնայած նրան, որ անգամ երեխաներից է պաշտպանվում թիկնապահներով։ Այս պայմաններում իշխանությունը որքան հաճախ հայտարարի, թե շարժումը մարում է, ինչպես նախօրեին խորհրդարանում անում էր Արայիկ Հարությունյանը, իրականում ամեն ինչ դեռ առջեւում է։ Այդ հնարավոր հանգրվանը կարող է լինել խորհրդարանը, եթե խոսքը սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին է։ Կա տեսակետ, որ մի «իքս» պահի Փաշինյանին պետք է անվստահություն ներկայացվի։ Կա նաեւ կարծիք, որ տեխնիկապես դա բարդ է, ուստի ճանապարհը մանդատները վայր դնելն ու քաղաքական ճգնաժամ հարուցելն է, թեեւ ճգնաժամը վաղուց է առկա։ Խորհրդարանական գործիքակազմի շուրջ մենք մի քանի հարց ուղղեցինք ընդդիմադիր խմբակցություններին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ ընդդիմությունը խորհրդարանական գործիքակազմի ցանկացած գործիք օգտագործում է, այդ թվում նախօրեին՝ բյուջեի կատարողականի ժամանակ. «Այդ գործիքակազմի ոչ շատ կարեւոր, բայց առնվազն ազդու միջոցներն օգտագործվում են։ Երբ շարժման առաջնորդությունը նպատակահարմար համարի, որ այլեւս իմպիչմենթը կյանքի կոչելու ժամանակն է, գործի կդրվի նաեւ դա»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով էլ, մանդատներից հրաժարվելու հարցը մանդատները վերցնելու պահից է իրենց համար օրակարգային։ «Մենք, իհարկե, քննարկում ենք տարբեր սցենարներ, թե երբ ավելի օգտակար կլինի մանդատից հրաժարվելը, քան այն պահելը։ Մենք գիտակցում ենք, որ, վերջիվերջո, հանգուցալուծումը պետք է լինի խորհրդարանում, իհարկե, համաժողովրդական ճնշման ներքո, այս պահին մանդատներից հրաժարվելը ոչ միայն դրական ազդեցություն չի ունենա, այլ կլինի ուղղակի, չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց շատ մոտ կլինի դասալքությանը»,- ասաց Խաչատրյանը։ Նա հիշեցրեց՝ օրենսդրական կարգավորումները չեն ենթադրում ԱԺ արձակում, եթե խորհրդարանում մնում է միայն քաղաքական մեծամասնությունը: Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամին. «Երկիրը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություն ստանձնելուց հետո եւ մասնավորապես 2020թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո մշտական քաղաքական ճգնաժամերի մեջ է։ Չեմ կարծում, թե մանդատներից հրաժարումը շատ ավելի մեծ ճգնաժամ կարող է առաջացնել, քան նույն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումը, Արցախի հայաթափումը եւ բռնակցումն Ադրբեջանին եւ Տավուշի մարզի տարածքների հանձնումը թշնամի Ադրբեջանին։ Այնպես որ, ես այս պահին որեւէ հավելյալ արժեք չեմ տեսնում մանդատները դնելու մեջ, բայց կրկնում եմ՝ մանդատները վերցնելու պահից ի վեր, մանդատներից հրաժարվելը միշտ քննարկումների առարկա է եղել, եւ այս պահին դա պայքարին հավելյալ արժեք չի բերի»։

«Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հավաստիացրեց՝ իրենց խմբակցության գործունեության համար պատասխանատու ՀՀԿ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ամբողջությամբ սատարում եւ աջակցում է սրբազան պայքարին ու պատրաստ է թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում անել անհրաժեշտը՝ շարժման հաջողության համար։ Ըստ նրա, առանձնացնել խորհրդարանական եւ փողոցային գործիքակազմերը՝ նպատակահարմար չէ, որովհետեւ այդ երկուսի համադրմամբ է հնարավոր հասնել ակնկալվող արդյունքին։ Նա համաձայն չէ տեսակետին, թե մինչ այս պահը իշխանական մեծամասնությունից ազդակներ չկան, ու գործընթացը խորհրդարան հասնելու դեպքում ՔՊ-ն կուռ է մնալու։ «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ որեւէ ազդակներ չկան, այդ ազդակները երբեւէ տեսանելի չեն հանրության համար։ Եթե ինձ հարցնում եք՝ դա հնարավոր է, թե ոչ, ես միանշանակ պատասխանում եմ, որ հնարավոր է։ Ժողովրդի ցասման, իրական իշխանություն հանդիսացող հայրենասերների ընթացքը ոչինչ չի կարող կասեցնել՝ ո՛չ ՔՊ խմբակցությունը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որեւէ մեկը»,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է մանդատների հարցին, այդ մասին բազմիցս խոսել ենք՝ Սահմանադրությունը հստակ նշում է, որ ԱԺ-ի լուծարման համար կա երկու դեպք՝ վարչապետի չընտրվելը եւ կառավարության ծրագրի չհաստատվելը։ Մնացած բոլորը կապ չունեն իրավաբանական մեկնաբանությունների հետ։ Ինչպես հայտնի է, մենք համարում ենք, որ Փաշինյանի հեռացման լավագույն եւ ամենահավանական ճանապարհն իմպիչմենթի գործընթացն է, որի համար անհրաժեշտ են մանդատները։ Բազմիցս հայտարարել ենք, որ մեր պատգամավորների համար այդ մանդատները բացարձակ այնպիսի արժեք չեն ներկայացնում, որ դրանցից հրաժարվելը մեզ համար խնդիր առաջացնի, դրանք ընդամենը պայքարի գործիք են»,- ասաց Մամիջանյանը։

ՀԳ․ Նախօրեին Բագրատ սրբազանն ուշագրավ ուղերձ հղեց քաղաքական այն ուժերին, որոնք «կաբինետներից են աջակցում», ասաց, որ նրանք տեսանելի մասնակցություն ունենան պայքարին` պատասխանատվություն ստանձնեն կամ հայտարարեն, որ կապ չունեն այս շարժման հետ։ Թե խորհրդարանական կամ արտախորհրդարանական որ ուժերին էր ուղղված ակնարկը, չհստակեցվեց։ Նկատենք միայն, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեծ մասի ներկայացուցիչները փողոցում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել