1in.am-ը գրում է.

Ըստ ոստիկանության վեց ամսվա տվյալների՝ Հայաստանում կա 245 մարմնավաճառ, որոնցից 86-ը՝ Երևանում: Երկրորդ տեղում է Լոռին՝ 63 մարմնավաճառ, այնուհետև Արմավիրը՝ 38 մարմնավաճառ: Ըստ այդ տվյալների՝ մարմնավաճառներ չկան Վայոց ձորի մարզում, իսկ մյուս մարզերում դրանց թիվը չի գերազանցում 20-ը: 

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ոստիկանությունից, մարմնավաճառությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքով արգելված գործողություն է, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն` ՀՀ ՎԻՎ օր.-ի 179 հոդվածի հատկանիշներով, այն է՝ «պոռնկությամբ զբաղվելը»: Ոստիկանությունը մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում ժամանակ առ ժամանակ անցկացնում է ստուգումներ: Հայտնաբերված մարմնավաճառները բերման են ենթարկվում ոստիկանություն, իրավախախտման դեպքում արձանագրություն է կազմվում, որից հետո նրանց ուղարկում են ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներական կենտրոն: Անցյալ տարի ներկայացված մարմնավաճառներից 38-ը տառապել են տարբեր վեներական հիվանդություններով: 

«Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներական կենտրոնի փոխտնօրեն Մանվել Կիրակոսյանի հետ, ում փոխանցմամբ՝ իրենց մոտ բերված մարմնավաճառները անցնում են մանրակրկիտ բուժզննում, վեներական հիվանդության հայտնաբերման դեպքում նրանց կամ բուժում են կենտրոնում, կամ հիվանդության ախտորոշումից հետո բուժումը շարունակում են այլ հիվանդանոցներում. «Այդ կանայք գտնվում են մեր վերահսկողության տակ, երեք ամիսը մեկ հետազոտություն են անցնում»:

Եթե մարմնավաճառի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, ապա նրանք բուժման համար միայն համավճար են մուծում, եթե այլ վեներական հիվանդություն է, ապա բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է հիվանդը: Նշենք, որ ՁԻԱՀ-ով վարակելը ամբողջ աշխարհում համարվում է ծանր հանցագործություն։

Հարցին՝ կա՞ն հիվանդներ, որոնք կրելով վեներական հիվանդություն՝ շարունակում են մարմնավաճառությամբ զբաղվել, պարոն Կիրակոսյանն ասաց, որ իրենց տեսադաշտում գտնվող հիվանդները հսկողության տակ են՝ ուրիշներին չվարակելու համար, և անպայման շարունակում են բուժումը: 

Կան մարմնավաճառների երեք խմբեր՝ ցածր, միջին և բարձր: Ցածր խմբում փողոցում կանգնող մարմնավաճառներն են, որոնք վերահսկելի են, միջինը՝ գիշերային ակումբներում և այլ ժամանցի վայրերում սպասարկող մարմնավաճառները, որոնց ոստիկանությունը դժվար է վերահսկում: Բարձր կարգի մարմնավաճառների մասին ոստիկանությունում տվյալներ չունեն, որովհետև նրանք անհատապես են պայմանավորվում՝ գործարքի համար:

Ինչ վերաբերում է մարմնավաճառների թվաքանակին, ապա «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ դրանց թիվն ավելի շատ է, քան ներկայացնում է ոստիկանությունը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանում 3 հազարից ավելի մարմնավաճառ կա, իսկ այս հարցը հասարակության մեջ չի համարվում ցավոտ կետ. «Դեռևս 90-ականներին եմ ասել, որ պոռնիկների հարցով պետք է զբաղվել, սակայն «Ղարաբաղ» կոմիտեի տղերքն ինձ ասացին՝ հիմա Ղարաբաղի հարցով զբաղվե՞նք, թե՞ պոռնիկների, ես ասացի, որ մեկը մյուսին չի խանգարում, սակայն ոչինչ չարվեց»: 

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն այս հարցով ավելի մոտ է Եվրոպային, քան Արևելքին, որովհետև սպառողների քանակը բավականին համեստ է Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել