168.am-ը գրում է.
Աշխարհում ամենաեկամտաբեր ոլորտը համարվում է դեղերի արտադրությունն ու դրանց իրացումը: Մինչ սպառող-բժիշկ կապին անդրադառնալը նախ փորձենք հասկանալ, թե դեղերն ինչպե՞ս են հասնում սպառողին և այդ գործընթացում գնային ինչպիսի՞ քաղաքականություն է տարվում: Դեղագործական շուկայի թաքնված մանրամասները ներկայացնում է տնտեսագետ, շուկայագետ Արթուր Աբրահամյանը: «Ներմուծող ընկերությունը, նախ, ուսումնասիրություն է կատարում շուկայում, հետո գնային պայմանավորվածություն է ձեռք բերում մատակարարի հետ որոշակի տեստ-քանակի համար: Սա արվում է, որպեսզի ներմուծող կողմը նախ հասկանա շուկայում այն կվաճառվի՞, թե՞ ոչ, որովհետև հայկական շուկան անկանխատեսելի է: Ներմուծելիս դեղն անցնում է որոշակի ճանապարհով և այդ պրոցեսում դեղի գինը թանկանում է»,-168.am-ի հետ զրույցում ասում է Արթուր Աբրահամյանը ու ներկայացնում սխեման, որով աշխատում են ընկերությունները:
168.am-ը փոքրիկ հետաքննություն անցկացրեց դեղերի շուկայում և պարզեց որոշ մանրամասներ, որոնց մասին սպառողը պետք է իմանա: Ինչպես գծապատկերում է նշված՝ ներմուծող կողմը շահույթի համար ձեռքբերման գնի վրա միջինում 30% է ավելացնում, սակայն սա այն դեպքում, եթե բարեխիղճ ընկերություն է, իսկ եթե անբարեխիղճ է, ուրեմն մինչ 200 % է ավելացվում, ինչպես, օրինակ, «Պարացետամոլ» դեղամիջոցի դեպքում է: Շուկայում կեղծված դեղերը բազմաթիվ են և սպառողը իսկական դեղամիջոց ընդունելու փոխարեն կարող է կավիճ խմել: Հավանաբար այս դեպքում դեղորայքը կեղծողները հույս են ունենում, որ պլացեբո էֆեկտը կգործի, այսինքն՝ հիվանդը կներշնչի ինքն իրեն, որ դեղն ազդում է: Կավիճն այս դեպքում ամենաանմեղ նյութն է թվում, որովհետև նույն հաջողությամբ կեղծարարներն անհեթեթ բաղադրությամբ հաբեր կարող են հրամցնել սպառողին: Սպառողը պետք է զգոն լինի դեղորայքի ժամկետների, ներմուծող ընկերության տեղեկատվությունը պարզելու հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ