Հենց նոր վերադարձա «Դու միայնակ չես» արշավի բակային այցելություններից ու վերջապես կարող եմ մարդավարի, հայատառ ու հոդաբաշխ կիսվեմ տպավորթյուններովս, որոնք իրոք շատ-շատ են ու շատ-շատ դրական են:
Առավոտյան ես ու մեծն հռետոր Արամ Անտինյանը (ում հռետորական տաղանդը էլ ավելի էր բացվում, ամեն անգամ բարձրախոսը միացնելիս) հանդիպեցինք մեր լավ ընկեր ու ծրագրի հիմնական գործընկեր Աշոտ Սարգսյանի հետ, հանդիպեցինք ավտոբուսի հետ, որը մեզ տրամադրել էր ԵՊՀ-ն ու շարժվեցինք քաղաքով:

Երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով, ինչպես նաև հանդիպած որոշակի սառնության ու անտարբերության պատճառով, որոշեցինք շարժվել Կենտրոնից դուրս ու մեր բակային այցերը սկսենք Կոմիտասից: Առաջին իսկ բակում մեզ հանդիպեցին շատ հաճելի ու պատրաստակամ մարդիկ, ովքեր սիրահոժար ներգրավվեցին նախաձեռնության շարքերն ու իրենց լուման ունեցան մեր նախաձեռնած գործում:

Հատկապես հուզիչ էր Համբարձում պապիկը, ով մի երեք-չորս անգամ գնաց-եկավ ու ամեն անգամ ինչ որ նոր բաներ էր բերում՝ հագուստ, կոշկեղեն, մագնիտաֆոն և այլն: Հաճելի անակնկալ էր հանդիպել սիրված հաղորդավարուհի Յանա Դանիելյանին, ում բակում պատահաբար հայտնվել էինք մենք: Յանան էլ մի պահ թողեց իմամ-բայալդի սարքելու իր հույժ բարդ ու հայեցի գործն ու նույնպես միացավ նախաձեռնությանը:

Այստեղից շարժվեցինք առաջ ու մեկ այլ բակկում ևս հանդիպեցինք բարի մարդկանց, ովքեր ևս իրենց մասնակցությունն ունեցան և խոստացան, որ անպայմանորեն կներգրավվեն ծրագրին:
Շարժվեցինք Զեյթուն և առաջին իսկ մտած բակում միանգամից այնպիսի տպավորություն էր, ասես այստեղ առանց մեզ էլ ամբողջ օրը «Դու միայնակ չես» արշավն է: Իրոք այնպես էի ինձ զգում, ասես հենց ծրագրի մեր պատկերացրած ոգին տիրեր այդ բակում:Մարդիկ գալիս ու գալիս էին, փոքրից մեծ, աղքատից՝ հարուստ ու բերում էին... բերում էին խաղալիքներ, շորեր, կենցաղային իրեր, սպասք, տաք հագուստ, կոշկեղեն, վարագույրներ... Ով՝ ինչ կարողանում էր, բերում էր ու խնդրում էր, որ մի քիչ էլ սպասի, որ էլի հասնեն բերել:

Այնքան հուզիչ էր տեսնել մարդկանց, ովքեր այդքան մեծ պատրաստակամությամբ ու վստահությամբ լծվում են մի ընդհանուր գործի մարդկանց հետ, ում առաջին անգամ են տեսնում: Ավելին, նրանք խնդրում էին, որ մենք ասենք, թե էլ երբ կգանք, որ էլ ավելի շատ բաներ տան:
Այսպես, մեկ ժամում մենք Զեյթունից այնքան օգնություն հավաքեցինք, որ ավտոբուսը գրեթե լի էր: Ակամայից մտածում էի, որ ինչքան հեռանում ենք կենտրոնից, մարդիկ այնքան ավելի են ջերմանում ու ավելի էին «թեթևանում»...

Զեյթունից էլ շարժվեցինք Նոր Նորք, որտեղ պոլիկլինիկայի սիրալիր ու ժպտերես անձնակազմըտ նախորոք պատրաստել էր փաթեթներ՝ լի խաղալիքներով, մանկական հգագուստով ու երկու մե՜ծ տուփ գրքերով: Դրանք էլ մի կերպ ճխտեցինք ավտոբուսը ու վերադարձանք Խանջյան 13: Պարզվեց, որ մի քանի ժամվա մեջ այնքան բան էին մեզ տվել, որ մեզ հավելյալ օգնություն էր պետք, որպեսզի այդ ամենը դատարկենք ավտոբուսի միջից ու բարձրացնենք վերև, ուստի բանվորներ վարձեցինք, ովքեր մեզ օգնեցին դրանում:
Արդյունքում, կարող եմ ասել, որ հիանալի օր էր, չնայած այն ֆիզիկական հոգնածությանը, որ հիմա զգում եմ:

Հիանալի էր ոչ միայն նրանով, որ այդքան շատ բան հավաքվեց, այլ նրանով, որ մեզ հիմնականում օգնում էին ՄԱՐԴԻԿ, մարդիկ ում մոտ օգնելու կոնցեպցիան չի սահմանափակվում ֆեյսբուքով զուտ լայք ու շեյր անելով, մարդիկ, ովքեր անգամ չգիտեն էլ ֆեյսբուքն ինչ է ու ինչով են ուտում, մարդիկ, ովքեր սոցիալապես ոչ այնքան ապահով էին և մարդիկ, ովքեն քիչ թե շատ ապահով էին և այդ ամենը նրանք անում էին սիրով ու առանց հետին մտքի, առանց ձևականության, այլ սիրով ու համեստությամբ:

Մի խոսքով, հասկացա, որ ավելի հաճախ է պետք ֆեյսբվուքից դուրս գալ ու ավելի շատ շփվել սովորական հայերի հետ, որովհետև ևս մեկ անգամ հասկացա, որ ֆեյսբուքի «ապակիները» մի քիչ բեկված են մատուցում մեզ իրականությունը՝ երբեմն ավելի լավ, քան կա, երբեմն էլ՝ հակառակը:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին, բոլոր այն արդկանց, ովքեր դեռ կօգնեն և բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն կուրախանան այս ամենի համար, անգամ եթե ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն օգնել:

Հ.Գ. Այսօր ինձ առաջին անգամ ճանաչեցին դրսում՝ հեռուստացույցով տեսնելու պատճառով: Առաջին անգամ, որովհետև առաջին անգամ էր, որ ճանաչեցին հենց որպես «էն լավ խոսացող Կոստյա», ոչ թե որպես «Դժվար ապրուստի» Նոյ:



