Hraparak.am-ը գրում է․
Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը Kathpress ավստրիական կաթոլիկ գործակալությանը հարցազրույց է տվել եւ դատապարտել Ադրբեջանի բարբարոսական գործողությունները հայկական քրիստոնեական կոթողների հանդեպ, շեշտելով, որ Ադրբեջանը նման գործողություններով ցանկանում է ջնջել հայկական եւ քրիստոնեական հետքը Ղարաբաղից։ Պարբերականը նշում է, որ այս մասին Գարեգին Բ-ն ասել է նաեւ Ավստրիայից Մայր Աթոռ Ս․ Էջմիածին ժամանած Ինսբրուքի եպիսկոպոս Գերման Գլեթերին։ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ ավելի ու ավելի հաճախ են տեղեկություններ ստացվում, որ ադրբեջանցիները հայկական եկեղեցիներ եւ գերեզմանոցներ են հավասարեցնում հողին։
Նա շեշտել է, որ ներկայումս ԼՂ-ում ավելի քան 4000 մշակութային հուշարձան գտնվում է անպաշտպան վիճակում եւ դրանց ճակատագիրն անհայտ է, այդ թվում՝ 300 եկեղեցու ու վանքի, բազմաթիվ գերեզմանոցների։ Համաձայն պարբերականի, Կաթողիկոսը վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ է պաշտոնապես կոչ արել սոցիալական եւ ազգային համախմբվածություն ցուցաբերել, քանի որ դա միակ տարբերակն է Ադրբեջանի նվաճողական ջանքերին դիմադարձելու եւ Հայաստանի դեմ հնարավոր հարձակումներին դիմագրավելու համար։
Kathpess-ը գրում է, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չափազանց քիչ բան է արել ԼՂ-ին օգնելու համար, այլ նաեւ շատ վատ բանակցություններ է վարում Բաքվի հետ։ Ավելին, ըստ հրապարակման, չկան երաշխիքներ ոչ Արեւմուտքից, ոչ Ռուսաստանից։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ արդեն ձեռք բերածով բավարարվել չի ցանկանում։ Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների սերտացման մասով էլ պարբերականը գրում է, որ Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ամբողջ աշխարհում ներկայացված եկեղեցի է, որի հավատացյալները ցրված են ամբողջ աշխարհով, հետեւաբար ինքը չի ցանկանում աշխարհաքաղաքական հարցերի մեջ խորանալ։ Եկեղեցին հետաքրքրված է, որ բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ կառուցվեն, իսկ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հարցում Եկեղեցին որեւէ կերպ չի դիրքավորվում։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը, Տավուշում ադրբեջանական կողմին գյուղերի հանձնմանը Մայր Աթոռի ունեցած դիրքորոշմանը, Հայ եւ Ավստրիայի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ եղած հարաբերություններին։ Պարբերականը գրում է, որ Բագրատ սրբազանը հայտարարում է, որ, սա ոչ թե իշխանության դեմ ուղղված քաղաքական ցույցեր են, այլ ավելի շուտ «ազգային հոգեւոր շարժում» եւ Գարեգին կաթողիկոսը նույնպես աջակցում է այս շարժմանը։